Էկոնոմիկայի փոխնախարարը զբոսաշրջության զարգացման նոր հեռանկար է տեսել

Ընթացիկ տարվա ինը ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9,4%-ով։ Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի՝ համաշխարհային զբոսաշրջությունը դեռ չի հաղթահարել ճգնաժամը, ուստի Հայաստանում զբոսաշրջության աճի տեմպը կարելի է բարձր համարել։ Փոխնախարարի կարծիքով՝ Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, ուստի անհրաժեշտություն կա ավելի բազմազան ու հետաքրքիր դարձնել այցելությունները՝ դրանցում ներառելով գինու, խորովածի փառատոները:

Երեկ մամուլի ասուլիսին ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի զարգացումները՝ Արա Պետրոսյանը նշել է, որ 2012թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 603 հազ. զբոսաշրջիկ: Այս տարի արձանագրված աճի տեմպը կպահպանվի նաև առաջիկայում, և տարվա կտրվածքով զբոսաշրջիկների թիվը կհատի 800 հազ-ի սահմանագիծը։

Արա Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, այսինքն՝ ընդունում է ինտելեկտուալ մարդկանց: Սակայն անհրաժեշտություն կա ավելի բազմազան ու հետաքրքիր դարձնելու նրանց այցելությունները, բացի պատմամշակութային այցելություններից՝ առաջարկել փառատոներ, հետաքրքիր այլ միջոցառումներ։ Այդպիսիք կարող են հանդիսանալ գինու, խորովածի փառատոները։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա ինը ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 51,4 հազ-ով, այն դեպքում, երբ 2011թ. նույն ժամանակահատվածում նրանց թիվն ավելացել էր 63,7 հազ-ով, 2010թ.՝ 65,8 հազ-ով։

Վերջին երեք տարիների ցուցանիշները վկայում են այցելությունների տեմպի տարեցտարի դանդաղման մասին, այն դեպքում, երբ կառավարությունը «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով» 2020թ. համար թիրախ է ընտրել 1,5 մլն զբոսաշրջիկ ցուցանիշը, իսկ 2030թ.՝ 3 մլն-ը։

Հայաստանում զբոսաշրջության տեմպի դանդաղումն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։

Այս տարի Իրանում միջազգային պատժամիջոցների խստացման ու ազգային արժույթի արժեզրկման պայմաններում նվազել է կենսամակարդակը, ինչը հանգեցրել է այս երկրից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի կրճատման, առաջին եռամսյակում՝ մոտ 10%-ով։ Արդյունքում նույն ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտի անկումը Հայաստանում կազմել է 9%։

Տեմպի դանդաղման մյուս պատճառը թույլ զարգացած ենթակառուցվածքներն են, հատկապես մարզերում, ինչպես նաև գին/որակ հարաբերակցությունը։ Այսպես՝ եթե անցած տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկներն օգտվել են 51 հյուրանոցից, ապա այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկներին սպասարկած հյուրանոցների թիվը կազմել է 48։

Զբոսաշրջիկների մոտ 80%-ը շարունակում է հանգրվանել հարազատների, բարեկամների տներում, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում ավելի շատ զարգացած է «հարազատներին տեսակցության» զբոսաշրջությունը։ Իհարկե, ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության, միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավել, քան 1 տարի ժամանակով, բայց այս մեթոդաբանությամբ Հայաստան զբոսաշրջիկների թիվը հաշվարկելիս պետք է հաշվի առնել ազգային առանձնահատկությունները: Հայաստանն ունի բավական մեծ Սփյուռք, որի մի մասը ձևավորվել է վերջին քսան տարիներին և ավելի սերտ է կապված երկրի հետ ու այս առումով պոտենցիալ «զբոսաշրջիկ» է։

Փողը դրսում ենք ծախսում
Երեկ ասուլիսին փոխնախարարն ասել է, որ Հայաստանից այս հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով մեկնել է մոտ 608 հազ. մարդ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 11,4%: Արտագնա տուրիզմի աճը փոխնախարարը ողջունելի է համարել։ «Մենք պետք է միայն ողջունենք և ուրախանանք, որ մեր բնակչության միջին խավը դառնում է ավելի վճարունակ և կարողանում է իր հանգիստը կազմակերպել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս»,– ասել է Պետրոսյանը:

Փոխնախարարի հավաստմամբ՝ 13-14%-ով աճել է նաև ներքին տուրիզմը: «Ներքին տուրիզմի աճը կապված է նաև կառավարության ներկայացրած սոցփաթեթի հետ։ Բայց անգամ եթե սոցփաթեթի կոմպոնենտը հանենք, կրկին աճ կունենանք, իհարկե ոչ այնքան, որքան ունենք: Սոցփաթեթի շրջանակում կառավարության 10 հազ. մարդ օգտվել է այդ փաթեթից»,– ընդգծել է Պետրոսյանը:

Թեև փոխնախարարը նշել է ներգնա զբոսաշրջության աճի մասին, այն շեղվում է հայեցակարգում նշված թվերից։ Այսպես՝ 2010թ. համար հայեցակարգում թիրախային ցուցանիշ է դրված 500 հազ-ը, այն դեպքում, երբ իրականում թիվը 456 հազ. է։ Նշենք, որ հայեցակարգով կառավարությունը թիրախ էր ընտրել, որ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թիվը կկազմի 1 մլն։

Մեկնաբանել