Լոնդոնում բացվել է հնդկուհի «արքայադուստր-լրտեսի» արձանը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում նոր հուշարձան է հայտնվել. Գորդոն Սքվեր Գարդենս հրապարակում Էլիզաբեթ 2-րդ թագուհու դուստրը՝ արքայադուստր Աննան, բացել է հնդկուհի Նուր Ինայաթ Խանի արձանը, որին անվանում էին «լրտես-արքայադուստր»:

Խանը ազատ տիրապետում էր անգլերենին ու ֆրանսերենին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի Հատուկ գործողությունների վարչությունը, օգտագործելով հնդկուհու ունակությունները, նրան ուղարկել է օկուպացված Ֆրանսիա, որտեղ նա մասնակցել է Դիմադրության շարժմանը և տեղեկություններ հաղորդել անգլիական հետախուզությանը:

Արխիվային փաստաթղթերի համաձայն՝ Խանն առաջին կին ռադիստն էր, որն ուղարկվել էր նացիստների կողմից օկուպացված Եվրոպա:

Հնդկուհու գաղտնի գործունեությունը տևել է երեք ամիս, որից հետո նա ձերբակալվել է: Գեստապոն արքայադստերը դաժան կտտանքների ենթարկելուց հետո նրան ուղարկել համակենտրոնացման ճամբար:

1944թ. Նուր Ինայաթ Խանը գնդակահարվել է Դահաուում: Մահից առաջ Խանի վերջին խոսքը եղել է «Liberté» (Ազատություն):