Ստուգվում է սահմանախախտ ադրբեջանցու խուլ ու համր լինելը. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանն այսօր առավոտյան հատած ադրբեջանցի Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ներկայում ՀՀ Պաշտպանության նախարարության իրավապահ մարմինների մոտ է: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` Ալիևի մասին տեղեկացվել է համապատասխան միջազգային կառույցներին, որոնք կգան և կաշխատեն նրա հետ:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկատվությանը, թե Ալիևը խուլ ու համր է և պատահաբար է հատել սահմանը, Արծրուն Հովհաննիսյան ասաց. «Դա պարզ կլինի միայն բժշկական համապատասխան եզրակությունից հետո: Հիմա չենք կարող ասել»:

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում: