Էներգետիկան գիլյոտինի կարիք է զգացել

Հայաստանի էներգետիկ ոլորտում նախատեսվում է փոփոխության ենթարկել տասներեք իրավական ակտ, այդ թվում՝ մեկ օրենսգիրք, երեք օրենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ինը որոշում:

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացնելու է չորս իրավական ակտերում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթների նախագիծ։

Օրենսդրական փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ Կենտրոնի աշխատակազմի կողմից, ի թիվս սահմանված այլ ոլորտների, ուսումնասիրվել են էներգետիկայի ոլորտի կարգավորումները, և արձանագրվել է, որ գործող կարգավորումների համաձայն՝ այդ ոլորտում չի թույլատրվում գործունեություն իրականացնել առանց համապատասխան լիցենզիայի ստացման: Էներգետիկ ոլորտում գործունեությունը լիցենզավորում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հաստատված է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը, որում, սակայն, բացահայտվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ անհիմն փաստաթղթային պահանջներ և մերժման հիմքեր, որոնք վերաբերում են բոլոր լիցենզիաների տեսակներին:

Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ համաձայն ընթացակարգի՝ էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող անձը նախևառաջ պետք է ստանա կայանների կառուցման կամ վերականգնման լիցենզիա, որի կառուցման ավարտից հետո ևս մեկ անգամ դիմի Հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ստանալու նպատակով, և անցնի նույն ընթացակարգը:

Էներգետիկայի ոլորտում գործունեության բոլոր լիցենզիաների դեպքում էլ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և հիմնավորումներ, որոնք լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում չկան: Գործունեության լիցենզիայի հայտնի ուսումնասիրությունը տևում է 50 աշխատանքային օր:

Օրենսդրական փաթեթների նախագծում առաջարկվում է սահմանել, որ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5,8 ՄՎտ-ը, և մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների արտադրության գործունեության կառուցման ժամանակահատվածը: Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը կարգավորման ենթակա է միայն կայանի կառուցման ժամանակահատվածով:

Առաջարկվում է նաև լիցենզիաների տրամադրման, ինչպես նաև սակագների հաստատման և վերանայման համար ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ որոշման կայացման համար օրենքով սահմանված ժամկետը տարանջատել և սահմանել 80 աշխատանքային օր՝ խոշոր կազմակերպությունների, և 25 աշխատանքային օր՝ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների համար:

2012թ. հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում էներգետիկայի բնագավառում հաշվվում էր կայանների կառուցման և վերականգնման գործունեության 74 լիցենզիա, որից 73-ը՝ փոքր հէկերի և 1-ը՝ հողմային էլեկտրակայանի կառուցման։ Էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների թիվը 140 է, որից 10-ը՝ խոշոր կազմակերպություններ, 128-ը՝ փոքր հէկեր, 1-ը՝ կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայան, 1-ը՝ հողմային կայան։

«Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է օրենսդրական դաշտի, իրավական ակտերի պարզեցում, մասնավորապես՝ մոտ 30%-ով կրճատում (կարգավորում պարունակող իրավական ակտի թիվն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 26 հազ.)։

Մեկնաբանել