ԱՄՆ-ում քաղաքացիական նոր նախաձեռնություն է ստեղծվել

ԱՄՆ-ում ստեղծվել է քաղաքացիական նոր նախաձեռնություն՝ «Հարված պարտքերին»։ Նրա խնդիրն ուրիշների պարտքային պարտավորությունները վարկատուներից գնելն ու դրանք պարտապաններին վերադարձնելն է։ Ակտիվիստները տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների կոչ են անում և զարգացնում են «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» հասարակական շարժման ավանդույթները, գրում է ամերիկյան New York Times պարբերականը։

Քաղաքացիական նախաձեռնությունն ինտերնետում դրամահավաք է կազմակերպել։ Հավաքվել է $129 հազ․։ Այս գումարով նախատեսվում է ձեռք բերել $2,5 մլն-ի պարտքային պարտավորություն։ Համաձայն ամերիկյան փորձի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են վարկատուներից գնել ուրիշների պարտքերը, եթե փոխառուն «դեֆոլտի շեմին» է, այսինքն՝ չի կարող վարկը վճարել։

Ծրագրվում է ձեռք բերել և դուրս գրել նախևառաջ բուժսպասարկման պարտքերը։ Ապա խնդիրը կընդլայնվի․ անհրաժեշտ է վերացնել կրթություն ստանալու դիմաց պարքտերը և այն պարքտերը, որոնք առաջացել են առաջին անհրաժեշտության ապրանքների համար կրեդիտ քարտով վճարում կատարելիս։

«Սկզբունքորեն մենք պատրաստվում ենք անել այն, ինչն անում են կոլեկտոր ընկերությունները, սակայն մի մեծ տարբերությամբ։ Պարտքի վերադարձ պահանջելու փոխարեն՝ մենք այն դուրս ենք գրում»,- հայտարարել է «Հարված պարքտերին» նախաձեռնության առաջնորդներից մեկը՝ Թոմաս Գոկին։

Նրա խոսքով՝ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներին (որոնք ակտիվ մասնակցել են կապիտալիստական համակարգի թերությունների դեմ ուղղված «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման բողոքի ակցիաներին) ոգեշնչել են մերձավորներին օգնելու մասին քրիստոնեական պատվիրանները։

Խնդրահարույց պարտքերի գնման և դուրս գրման աշխատանքը կազմակերպել քաղաքացիական ակտիվիստներին օգնել են ԱՄՆ-ի կոլեկտորային գործակալությունների մասնագետները։ Խորհրդատվությունները տրամադրվել են անվճար։ Այդ ընկերությունների աշխատակիցները, Թոմաս Գոկիի խոսքով, նույնպես դժգոհ են սոցիալական համակարգից, երբ պարտքերը սպառնում են յուրաքանչյուր ազնիվ աշխատողի։

Քաղաքացիական նոր նախաձեռնությունը ծրագրում է օգնել սոցիալապես անպաշտպան հազարավոր ամերիկացիների։ Միաժամանակ նրա ակտիվիստները հասկանում են, որ խնդրի համալիր լուծումը հնարավոր է միայն պետական մակարդակում։ ԱՄՆ-ի քաղաքացիների ընդհանուր պարտքը $11 տրլն է։