Կատալոնիայի անկախության խնդրի շուրջ. իսպանական տեսակետ

Կատալոնիայում նոյեմբերի 25-ին արտահերթ ընտրություններ են, որում կենտրոնականը ինքնավար այս շրջանի՝ Իսպանիայից անկախանալու հարցն է: Թեև Կատալոնիան Իսպանիայի տնտեսապես ամենազարգացած հատվածն է, այն նաև պարտքի ամենամեծ բեռ ունեցող երկրամասն է: Project-syndicate.org կայքում Կատալոնիայի անկախության խնդրի վերաբերյալ հոդված է հրապարակել Իսպանիայի նախկին արտգործնախարար և Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Անա Պալասիոն: Այն թարգմանաբար ներկայացված է ստորև:

Մադրիդ — Թե՛ Կատալոնիայում, թե՛ Շոտլանդիայում անկախության կոչերը կրկին թափ են հավաքում, մի բան, որը խոսում է ոչ միայն Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում, այլև ընդհանուր առմամբ Եվրոպական Միությունում իրավիճակի մասին: Ֆինանսական ճգնաժամին դիմագրավելու Եվրոպական Միության թուլությունն իսկապես ոչ միայն արտացոլում, այլև ուժեղացնում է իր գոյության իմաստի՝ քաղաքական ինտեգրման ժանգոտումը: Ինչպիսի արմատներ էլ որ լինեն անցյալի դառը պատմություններում, անջատողականությունը կարծես հետընթաց ապրող այդ գործընթացի ցավոտ ախտանիշն է:

Հեգնանքն այստեղ այն է, որ Եվրոպայի անջատողական տրամադրված կուսակցություններն իրենց ծրագրերին եվրոպական հագուստներ են հագցնում՝ խոստանալով, որ նոր պետությունները ինքնաբերաբար Եվրոպական Միության անդամ են լինելու: Թե՛ Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունը և թե՛ Կատալոնիայի «Մերձեցում և միությունը» (Convergència i Unió) շահարկում են եվրոպական կոսմոպոլիտիզմի հայեցակարգը, որպեսզի վերածնեն իրենց նեղ ազգայնական նպատակները և վերջապես անջատվեն այն երկրներից, որոնց մասն են կազմում ներկայում:

ԵՄ հիմնարար փաստաթղթերում անդամ պետության դիսինտեգրացիայի մասին դրույթներ չկան, քանի որ անջատողականությունը հակասում է «ավելի սերտ Միություն դառնալու» առանցքային արժեքին: Ահա թե ինչու գնալով շատանում են կոչերը, որոնք մեսիջ են հղում ենթադրյալ անջատողական շրջանների էլեկտորատներին, որ անկախանալու պարագայում ԵՄ անդամությունը երաշխավորված չէ: Շոտլանդիայի առաջին նախարար և Ազգայնական կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդը հայտարարում էր, որ ԵՄ անդամության երաշխավորումը օրենքի խնդիր է, որովհետև այդ նա և նրա կուսակցությունը չէ, որ ներկայում առերեսվել է ամենամեծ ճգնաժամին՝ 2007թ. իշխանության գալուց ի վեր:

Իրավական այս բացը բացահայտում է, թե ինչու նոյեմբերի 25-ին Կատալոնիայում նախատեսված ընտրություններին ընդառաջ «Մերձեցում և միություն» կուսակցության ղեկավարներն այդքան շատ են ցանկանում անկախության ոչ պաշտոնական հանրաքվեն դարձնել կատալոնացիների՝ ԵՄ անդամակցության ցանկության պլեբիսցիտ (որը Կատալոնիայում ո՛չ վիճարկվում է, ո՛չ էլ այնտեղի ընտրողների խնդիրն է դա որոշելը): Տրամաբանորեն, եթե ոչ իրավական առումով, տեղին միակ հարցը, որ «Մերձեցում և միության» կառավարությունը կարող է դնել, այն է, թե արդյոք կատալոնացիները ցանկանում են լինել Իսպանիայի կազմում:

ՄԱԿ-ի՝ անջատում նախատեսող շրջանակը հստակ տարբերություն է դնում «ներքին ինքնորոշման» և «արտաքին ինքնորոշման» միջև: Առաջինը թույլ է տալիս, որ ժողովուրդները հետամուտ լինեն իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը գոյություն ունեցող պետությունների շրջանակում: Երկրորդը կարող է վերաբերել միակողմանի անջատմանը, բայց միայն ծայրահեղ անհրաժեշտ հանգամանքների պարագայում: Կատալոնիայի և Շոտլանդիայի պարագայում այս ինքնորոշումներից ոչ մեկը կիրառելի չէ:

Կատալոնիայում կամ Շոտլանդիայում ոչ ոք չի կարող պնդել, որ ճնշում կա իրենց մշակութային ինքնության նկատմամբ, որովհետև այդ ինքնությունը Իսպանիայում լուրջ պաշտպանության տակ է. Իսպանիայի Սահմանադրության կարևորագույն նպատակներից մեկը, Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, կատալոնացիների և բասկերի լեզուների և մշակույթների պահպանումն էր: Նույնն է նաև Միացյալ Թագավորությունում: Հավանաբար սրանով կարելի է բացատրել, թե ինչու շոտլանդացիների՝ անկախության պաշտոնական պահանջը չի բխում ժառանգության խնդրից, այլ հստակ քաղաքական և սոցիալական երերուն արժեքներից. այնքան անորոշ փաստարկ, որ կարող է օգտագործվել եվրոպական ցանկացած երկիր մասնատելու համար:

Ինչպես հաճախ ազգայնականության պարագայում պատահում է, անկախ դրա դրսևորումներից, անկախության կոչերին ուղեկցող հուզական դիսկուրսն ընդամենը քաղաքական ամբիցիաների և տնտեսական նեղ շահերի դիմակն է: Կատալոնիայում զոհողությունը դարձել է անկախության արշավի ռազմավարությունը, երբ «Մերձեցում և միություն» կուսակցության ղեկավարները բացահայտ վկայակոչում են Մադրիդի կենտրոնական կառավարությունից եկող իրենց մտացածին սպառնալիքները, այդ թվում՝ «իսպանական» տանկերը և «թշնամական» օդանավերը «կատալոնյան երկնքում»:

Հռետորաբանությունը մի կողմ, բայց կատալոնյան հանրաքվեի հարցը դրսևորվեց որպես Իսպանիայի շրջանների և կառավարության միջև հակաճգնաժամային ֆինանսական միջոցներ հատկացնելու շուրջ քաղաքական սակարկությունների արդյունք: Ճգնաժամը յուղ է լցրել անկախության պահանջների կրակի վրա՝ ավելացնելով բազմաթիվ կատալոնացիների դժգոհությունը Իսպանիայի՝ վարկաբեկված Տարածքային համերաշխության հիմնադրամի միջոցով երկրի աղքատ շրջաններին ֆինանսական հատկացումների շուրջ:

Անկախության հանրաքվեի հարցը կենտրոնական կառավարության հետ բանակցություններում դարձել է սակարկության հզորագույն գործիք: Անկախության պահանջը բավական հաջող մեջտեղից հանում է նաև գոյություն ունեցող խնդիրները, օրինակ՝ այն, որ կատալոնյան պարտքը կազմում է Իսպանիայի բոլոր շրջանների պարտքի համարյա 30 տոկոսը և դրանով իսկ շեղում է ուշադրությունը «Մերձեցում և միություն» կուսակցության ռեգիոնալ կառավարության վատ տնտեսական կառավարումից:
Պայմաններն ավելի կարող են վատանալ անկախանալու դեպքում: Պահպանողական գնահատականներով՝ Իսպանիայից, եվրոգոտուց և Եվրոպական Միությունից դուրս գալու պարագայում Կատալոնիայի ՀՆԱ-ն կնվազի 20-25 տոկոսով, քանի որ Կատալոնիայի միջազգային արտահանման 68 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին (ըստ 2010թ. պաշտոնական տվյալների) և նրա թողարկած արտադրանքի 50 տոկոսը գնում է Իսպանիայի այլ շրջաններ:

Նույն վիճակն է նաև Շոտլանդիայի պարագայում: Ավելին՝ եվրոգոտու ճգնաժամի արշալույսին Շոտլանդիայի ազգայնական կուսակցության ղեկավարները հրաժարվեցին եվրոյի անցնելու իրենց նախկին ծրագրից և այժմ ասում են, որ հավատարիմ են մնալու ֆունտ ստեռլինգին:

Սակայն օպորտունիստներին, որոնք Բարսելոնում և Էդինբուրգում թեժացնում են կրակը, քննադատելը բավական չէ: Սեպտեմբերին Բարսելոնում տեղի ունեցած ցույցը, որը Կատալոնիայի 7,5 միլիոն բնակչության գրեթե 8 տոկոսին փողոց հանեց, ցույց տվեց, որ իրական խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն ինչպես ամբողջ երկրի, այնպես էլ եվրոպական մակարդակով:

Ժողովրդավարության հիմնական սկզբունքը քաղաքացիների ունակությունն է որոշելու հանրային քաղաքականության ուղղությունը: Այսօր, սակայն, Եվրոպայով մեկ քաղաքացիներն ունակ չեն դա անելու: Տնտեսական ճգնաժամից ի վեր այս երևույթը դրսևորվեց հատկապես Եվրոպայի հարավում, որտեղ ընտրողներն անհանգիստ են, որ շատ քիչ ազդեցություն ունեն Բեռլինի վրա, որտեղ ընդունվում են իրական որոշումները։

Կատալոնիայում «Մերձեցում և միություն» կուսակցությունը այս դժգոհություններն ուղղեց Իսպանիայի կենտրոնական կառավարությունը մերժելու ուղղությամբ: Շոտլանդիայում Դեյվիդ Քեմերոնի կառավարության խնայողության միջոցառումները նույն ուժը հաղորդեցին, որպեսզի Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունն անկախության պահանջներ առաջ քաշի:

Անկասկած, Իսպանիան 20-րդ դարի վերջի հաջողության օրինակներից է, որը կարողացավ, Եվրոպական Միությանն անդամակցելով և ժողովրդավարությանը անցում կատարելով, հետամնաց տնտեսությունից դառնալ եվրոգոտու չորրորդ և աշխարհի 13-րդ ամենամեծ տնտեսությունը: Սակայն կոմպրոմիսները, որ անցման այդ շրջանի մասն էին կազմում, հետևանքներ ունեցան, մասնավորապես՝ երկրում իշխանության տարածքային բաժանումը, որի դեմ այժմ բացահայտ պայքարել է պետք:

Անկախ պատճառներից՝ հուզումները Կատալոնիայում պետք է խթանեն Իսպանիայի 1978թ. Սահմանադրության ամբողջական վերանայումը և նոր դաշնային կառուցվածքի ընդունումը: Եթե դա հաջողվի, Իսպանիայի ֆեդերալիստներն այնուհետ կարող են խորհուրդներ տալ ուրիշներին՝ սկսելով Միացյալ Թագավորության քաղաքական առաջնորդներից:

Անա Պալասիո

Մեկնաբանել