Օլի Ռենը պարտքային ճգնաժամի լուծումը առավել սերտ ինտեգրման մեջ է տեսել

Եվրամիությունը տնտեսական կայուն աճի ապահովման համար պետք է առավել սերտ ինտեգրման քաղաքականություն վարի, հայտարարել է ֆինանսական և արժութային քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը ռուսական «Վեդոմոստի» պարբերականում տպագրված իր հոդվածում։ Այն թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև։

Նոյեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է տնտեսական հեռանկարների իր աշնանային կանխատեսումը: Ակնկալվում է, որ 2013թ. տնտեսական աճը ԵՄ-ում և եվրոգոտում աստիճանական վերականգնման փուլ կմտնի։ Ընթացիկ տարում տնտեսությունը 0,3% անկում կարձանագրի, 2013թ.՝ 0,4% աճ, 2014թ. աճի տեմպը կկազմի 1,6%: Սակայն առկա է աճի տեմպերի դանդաղման ռիսկ, ինչը պայմանավորված է ոչ միայն ներքին գործոններով, այլև աշխարհում անորոշության բարձր մակարդակով, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի «բյուջետային ճեղքվածքով» և զարգացող տնտեսություններում աճի դանդաղմամբ։

Եվրոգոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման, ինչպես նաև պետպարտքի, բանկային համակարգի կայունության և աճի միջև փոխկապակցվածությունը խզելու համար քաղաքական գործիչները Եվրոպայում պետք է հինգ սկզբունքների վրա հիմնված համալիր գործողություններ իրականացնեն՝ ֆինանսական աջակցություն ստացած երկրների խնդիրների լուծում, շղթայական ռեակցիային հակազդող համակարգի ստեղծում, բանկերի կայունության ապահովում և եվրոգոտում տնտեսական վերահսկողության սկզբունքների բարեփոխում:

Միայն տնտեսական կայունացմանն ուղղված ԵՄ առաջնորդների ջանքերը բավարար չեն: Մեծ քսանյակի կողմից նախանշվող կայուն և հավասարակշռված աճի ապահովման համար անհրաժեշտ է առավել սերտ ինտեգրում։ Ելնելով այս մոտեցումից՝ ԵՄ առաջնորդները հանդես են գալիս արժութային միության ստեղծման օգտին, որը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ամուր հիմքեր պիտի ունենա։ Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը դրան ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելու են դեկտեմբերյան հանդիպումների ընթացքում:

Ուշագրավ է, որ բարեփոխումներ իրականացվում են ամբողջ Եվրոպայում: Աշխատաշուկայի, ապրանքային ու ֆինանսական շուկաների խոցելի կողմերի վերացմանն ուղղված միջոցառումները նպաստում են եվրոգոտում ֆինանսների հաջող կոնսոլիդացմանը, ինչպես նաև այն երկրների մրցունակության բարձրացմանը, որոնք ընթացիկ վճարային հաշվեկշռում դեֆիցիտ են արձանագրում: Այսպես՝ Իռլանդիային հաջողվել է պետական փոխառությունների շուկա ավելի շուտ դուրս գալ, քան մինչ այս ակնկալվում էր: Պորտուգալիայում ևս արտահանման կանխատեսվածից ավելի բարձր աճ է արձանագրվում, ինչը իր հերթին հակակշիռ է դառնում ներքին պահանջարկի ցածր մակարդակին: Այսպիսով՝ եվրոգոտու այն երկրները, որտեղ ընթացիկ վճարային հաշվեկշռի պրոֆիցիտ է արձանագրվում, պետք է նպատակային բարեփոխումներ իրականացնեն՝ ներքին պահանջարկի և ներդրումային հնարավորությունների նկատմամբ առկա սահմանափակումները վերացնելու համար:

Գլոբալ տնտեսությունը բարդ ժամանակներ է ապրում, և անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել կայուն աճի վերականգնման համար: