Փաստաբանը մահացել է գլխուղեղի ֆունկցիայի խանգարման պատճառով. դատախազություն

2012թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22:45-ին, Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի դին` բռնության հետքերով: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ըստ դատաբժիշկների եզրակացության` Ս. Շարբաթյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի ֆունկցիայի խանգարումը:

Նկատի ունենալով, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են իրարամերժ ու որոշ դեպքերում` ոչ հավաստի տեղեկություններ և միաժամանակ կարևորելով հանրության` ստուգված տեղեկություններ ստանալու իրավունքը` դատախազությունը ներկայացնում է որոշ տեղեկություններ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների մասին այն ծավալով, որքանով դրանց հրապարակումը չի խոչընդոտի նախաքննության հետագա ընթացքին:

Մասնավորապես` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության տվյալներով, դատաբժշկական փորձաքննությամբ և ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան է հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին և իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը: 

Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը և Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի և ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ և գիտակցության չգալով` մահացել է:

Բացի այդ` փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ, որոնք մահվան պատճառի հետ կապված չեն:

Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունները, թե Ս. Շարբաթյանի նկատմամբ բռնությունը կապված է նրա մասնագիտական  գործունեության հետ և որ նրա մահվան պատճառը սուր կտրող-ծակող գործիքի կամ հրազենի  գործադրումն է, իրականությանը չեն համապատասխանում: Նախաքննությամբ նման տվյալներ ձեռք չեն բերվել:

2012թ. նոյեմբերի 19-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել է Արտակ Վերանյանը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:

Կատարվում են քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները լիարժեք պարզաբանելու, Արտակ Վերանյանի ցուցմունքը ստուգելու ուղղությամբ, պարզելու, թե ում է պատկանում օդամղիչ ատրճանակը և ով է այն օգտագործել վիճաբանության ժամանակ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` Արեն Վերանյանին և Ս. Դիլոյանին հայտնաբերելու  և ոստիկանություն բերման ենթարկելու ուղղությամբ: