Ստվերային աշխատավարձեր էկոնոմնախի տիրույթում գործող ընկերություններում

Էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող ոլորտի ընկերությունները 2012թ. 10 ամիսներին պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 243,8 մլրդ դրամի հարկեր, ինչը 13,2%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտների կողմից ապահովված տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը:

Նախարարի խոսքով` ոլորտի ընկերությունները վճարել են 199 մլրդ դրամի հարկեր և կատարել են 44,5 մլրդ-ի սոցվճարներ: Ըստ նրա` ոլորտի ընկերությունների կողմից վճարված հարկերի աճը պայմանավորված է հիմնականում տնտեսական աճի դինամիկայով: Ոլորտի համակարգում աշխատում է 247 հազ. մարդ, ինչը 7 հազ-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Արձագանքելով նախարարին` ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ ոլորտի մեծության պատճառով բավական մեծ է նաև ստվերային մասը, որը պետք է կրճատել ոչ միայն վարչարարությամբ, այլև օրենսդրական փոփոխություններով:

Ըստ Ալավերդյանի` մտահոգիչ է աշխատողների և աշխատավարձերի ստվերային մասի առկայությունը, քանի որ առանձին ոլորտներում գրանցված աշխատավարձերը ցածր են միջին հանրապետականից:

Մեկնաբանել