BBC-ի նոր գլխավոր տնօրենը «Քովենթ-Գարդեն» թատրոնի ղեկավարն է

Բրիտանական BBC ռադիո և հեռուստահեռարձակող կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն է դարձել «Քովենթ-Գարդեն» օպերայի և բալետի թագավորական թատրոնի ղեկավար Թոնի Հոլը:

BBC Trust հոգաբարձուների ղեկավար լորդ Փեթենի կարծիքով՝ Հոլն այն մարդն է, որը կարող է BBC-ն դուրս բերել ճգնաժամից: Փեթենն ասել է, որ Թոնի Հոլը լավատեղյակ է կորպորացիայի առավելություններից ու թերություններից: Հոլն իր պարտականությունները կստանձնի 2013թ. մարտին. նրա տարեկան աշխատավարձը կկազմի 450 հազ. ֆունտ ստեռլինգ:

Թոնի Հոլն իր կարիերան սկսել է BBC-ում՝ 1973թ. համալսարանն ավարտելուց հետո: Նա է ստեղծել կորպորացիայի Radio 5 Live ռադիոկայանն ու BBC Parliament քաղաքական նախագիծը: 1990-ից Հոլը գլխավորել է BBC հեռուստաալիքների, իսկ 1993-ից՝ ամբողջ կորպորացիայի լրատվական ծառայությունը:

2001թ. Թոնի Հոլը դարձել է «Քովենթ-Գարդեն» օպերայի և բալետի թագավորական թատրոնի ղեկավար:

Թոնի Հոլը BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է Ջորջ Էնթուիսլին, որը պաշտոնաթող է եղել նոյեմբերի 10-ին՝ ծրագրերից մեկում ոչ հավաստի տեղեկություն հաղորդելուց հետո: Նոյեմբերի սկզբին եթեր դուրս եկած Newsnight ծրագրում խոսվում էր 1970-1980-ականներին Ուելսի հյուսիսում գործող մանկապիղծների միության մասին: Ծրագրի մասնակիցներից մեկը պատմել էր, որ մանկատներում կատարված մանկապղծությանը մասնակցել է Բրիտանիայի Պահպանողական կուսակցության բարձրաստիճան մի գործիչ: Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը լորդ Ալիսթեր ՄաքԷլփայնի մասին է, որը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը: Կորպորացիան ներողություն է խնդրել ՄաքԷլփայնից և խոստացել 294 հազ. դոլարի տուգանք վճարել:

Մեկնաբանել