ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Աջարիայի վարչապետը քննարկել են Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա ճանապարհի կառուցման հարցը

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Աջարիայի նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ինքնավար Հանրապետության և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաև նոր ղեկավարության օրոք: Աջարիայի նախագահը տեղեկացրել է նոր ծրագրերի, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերն ավարտին հասցնելու իր մտադրության մասին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձել են Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարևորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով Խաբաձեն հայտնել է, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում: Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տևողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:

Զրուցակիցները շոշափել են աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է վերջինիս ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Քննարկվել են նաև Աջարիայի և ՀՀ Լոռու մարզի քույր քաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել