Ազգայի՞ն՝ որտեղի՞ց

Պարզվում է Հայաստանի երկու բնակչից միայն մեկն է վերջին տարում գիրք կարդացել (համաձայն ՍիվիլՆեթի հարցման, տե՛ս «Կարդալու ժամանակ չկա. թվերը խոսում են»). մենք շատ զբաղված ենք, ժամանակ չունենք։ Թվում է՝ վատ չէ, ամեն երկրորդը կարդում է։ Չնայած ամեն երկրորդը չի կարդում ու հազիվ էլ կարդա։ Ու խնդիրը ժամանակը չէ, չնայած դա էլ կա։ Մի կողմ ենք թողնում՝ ինչ է կարդում։ Գիրքը միտք է, գաղափար, ընկալում, իրականություն տեսնելու ցանկություն, բանավեճ։ Ցանկը երկար կարելի է շարունակել։ Ես բանավեճի վրա եմ ուզում կանգ առնել։

Բանավեճը, հասարակական բանավեճը նկատի ունեմ, մի քանի տարի առաջ գրիլ էր, վերջերս շաուրմա, քյաբաբ ու խորոված, սեզոնին՝ խաշ։ Էլիտար բանավեճը՝ ջազ։ Այս բանավեճը հեռուստատեսությունում է, մամուլում, համալսարաններում, դպրոցում, կառավարությունում, Ազգային ժողովում՝ մի այլ կարգի։ Բայց գլխավորը՝ այս բանավեճը մեր ուղեղներում է։

Չնայած երբեմն բանավեճի այլ տարրեր էլ են սողոսկում ուղեղներ։ Սողոսկում՝ ուրիշ բառ չեմ գտնում։ Սողոսկում են բանավեճի տարրեր, որոնք այնքան հի՜ն են բանավեճ համարվելու համար։ Դրանք վաղուց, անցյալ դարասկզբին են բանավիճվել։ Դրանք անգամ նոր մոտեցումների ու վերաիմաստավորման կարիք չունեն։

Ի՞նչ կապ ունեն գրքերը ու կարդացողների թիվը այս ամենի հետ։

Հովհաննես Թումանյանին այսօր մեզանից քանի՞սն է հրապարակախոս ընկալում։ Նրա հեքիաթներն են հիշվում, երբեմն պոեմները, մեկ-մեկ էլ քառյակները՝ այն էլ դպրոցական տարիներից։ Բակունցից երևի միայն «Ալպիական մանուշակն» ու «Միրհավը» (չեմ բացառում՝ ևս մի երկու պատմվածք)։ Մնձուրի քչերն են թերթել։ Թոթովե՞նց։ Չարենցից՝ «Ես իմ անուշ Հայաստանի»։ Պարոնյա՞ն։ Չեմ շարունակում։ Շատերին այն ստանդարտ, գավառական ու հին կարող է թվալ։ Շատերը հենց այդպես էլ կընկալեն ու միգուցե չսխալվեն էլ։

Իսկ այնտեղ կարդալու բան կա։ Կարդալ է պետք։ Այնտեղ հարցեր կան։ Այնտեղ ճանապարհի փնտրտուք կա, ճանապարհը հասկանալու՝ ճանապարհի ընտրությունը հասկանալու փորձ։ Տարիները դրամատիկ էին, ուղեղները՝ պայծառ։ Կարդալ է պետք միայն։

Զարմանալ, ապշել կարելի է։ Պատասխանների մեջ չկարողանալ փնտրել, չկարողանալ ընտրել։ Ու հիմա չունենալ ոչինչ։ Միայն մեզ բնորոշ մեծամտությամբ դեն նետել բոլոր նրանց։ Հերթական անգամ խզել կապը անցյալի հետ ու սկսել չգիտես որտեղից, չգիտես հանուն ինչի, չգիտես էլ ինչ։

Ու խոսել ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին։ Խոսել ինչի՞ մասին, լավ չհասկացա։ Ինչ որ մի տեղից պիտի չէ՞, սկիզբ առնի այդ գաղափարը։ Բայց խնդրում եմ ոչ միայն «հայկական գեներից», ոչ Ցեղասպանությունից ու Ղարաբաղի հարցից (ոչ անգամ խնդրից)։ Ուրիշ բան չկա։ Հա՝ աղանդները մոռացա, ու չորս-հինգ տարին մեկ էլ ընտրություններ ու ցանկալի է՝ նախագահական։ Ահա և մեզ բանավեճ։

Տեսնես Թոթովենցն ի՞նչ էր կորցրել Երևանում, այն էլ 1938-ին։