Աշխարհը նոր ճգնաժամի առաջ

Գլոբալ տնտեսության հերթական անկման ռիսկերը հնարավոր կլինի նվազեցել երեք հիմնական միջոցներով՝ պետությունների դրամավարկային քաղաքականության մեղմացում, բյուջեների պակասուրդների կտրուկ կրճատումից հրաժարում և բոլոր երկրներում կառուցվածքային բարեփոխումների իրականացում: Այսպիսի եզրակացություն է պարունակում Տնտեսական համագործակցության և զարգացման (ՏՀԶԿ) կազմակերպության նոյեմբերի 27-ին հրապարակած զեկույցը։

ՏՀԶԿ-ն չի բացառել գլոբալ տնտեսության նոր անկման ռիսկերը: Ըստ կազմակերպության՝ ԱՄՆ-ում աճը մի քանի ամիս առաջ կանխատեսվածի համեմատ թույլ է։ Զարգացող երկրներում ևս դանդաղում են աճի տեմպերը, ինչը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է Եվրոպայի ճգնաժամի ազդեցությամբ:

ՏՀԶԿ-ն մայիսյան զեկույցում կանխատեսել էր, որ գլոբալ տնտեսության համար ամենաբարդ տարին կլինի հենց 2012-ը։ 2013-ից կսկսվի վերականգնումը՝ եվրոգոտին դուրս կգա ռեցեսիայից, ԱՄՆ-ում կարագանա աճի տեմպը։

Կազմակերպության աշնանային զեկույցի համաձայն՝ անկումը եվրոգոտում կխորանա և կշարունակվի մինչ 2013թ. 2-րդ եռամսյակ:
2013թ. ԱՄՆ-ի տնտեսության աճի տեմպերը ոչ միայն չեն արագանա, այլև կդանդաղեն։ Այսպես՝ ըստ նոր զեկույցի՝ 2012-2013 թթ. տնտեսական անկումը եվրոգոտում համապատասխանաբար կկազմի 0,4% և 0,1%՝ նախորդ կանխատեսման 0,1%-ի և 0,9%-ի համեմատ:
ԱՄՆ-ի տնտեսությունը, վերանայված կանխատեսման համաձայն, այս տարի կաճի 2,2%-ով՝ նախորդ 2,4%-ի դիմաց, իսկ 2013թ., եթե հնարավոր լինի խուսափել «հարկաբյուջետային ճեղքվածքից», 2%-ով՝ նախորդ կանխատեսման 2,6%-ի համեմատ։ ՏՀԶԿ անդամ 34 երկրներում աճի տեմպերը 2012թ. կկազմեն 1,4%՝ նախորդ կանխատեսման 1,6%-ի համեմատ, իսկ 2013թ.՝ 2,2%։

Կանխատեսումների նվազեցման հիմքում մի շարք պատճառներ են, այդ թվում՝ վարկային շուկաների կրճատման ֆոնին վստահության նվազումը, մի շարք երկրներում բյուջեի պակասուրդների կրճատումը, գլոբալ առևտրի արգելակումը, գործազրկության բարձր մակարդակը: Վերջինս եվրոգոտում, ըստ ՏՀԶԿ-ի, ներկայիս 11,1%-ից 2014թ. կբարձրանա մինչև 12%՝ հանգեցնելով սոցիալական լարվածության աճի։

Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ համաշխարհային տնտեսության աճի վերականգնման համար քաղաքական գործիչները պետք է հրաժարվեն նախաճգնաժամային սովորույթներից և սովորեն առաջ նայել։ Արժույթի միջազգային հիմնադրամը, իր հերթին, հայտարարել է, որ բյուջետային՝ թվացյալ արդարացված սինխրոնիզացված կոնսոլիդացիան կասկածի տակ է դնում 2013թ. աճի հեռանկարները:

Ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինիի կարծիքով՝ 2013-ը գլոբալ շուկաների համար կարող է վերափոխումների տարի դառնալ՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսության աճի արգելակման ռիսկերի ավելացումը, մասնավորապես՝ ճգնաժամի տարածումը եվրոգոտու «արվարձանային» երկրներից դեպի «կենտրոն», զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղումն ու ԱՄՆ-ի «հարկաբյուջետային ճեղքվածքի» սպառնալիքը:

Մեկնաբանել