Մաքսային միությունից նեղվում են

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի անդամակցությամբ Մաքսային միությունից ներկրվող ապրանքների նկատմամբ ամենից շատ սահմանափակումների գնացել են ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Ուկրաինան: Այսպիսի տվյալներ է հրապարակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Ըստ հանձնաժողովի՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Մաքսային միությունից ապրանքների ներկրումը սահմանափակող 18 միջոցառում են ձեռնարկել։

Այսպես՝ ԱՄՆ-ում հակադեմփինգային միջոցառումներ են իրականացվում ռուսական և բելառուսական արտադրության քիմիական և մետաղաձուլական ապրանքների նկատմամբ: Բացի այդ՝ ներկրման էմբարգո է սահմանված բելառուսական այլ ապրանքների վրա։ ԵՄ-ն արգելել է մի շարք մորթե իրերի ներկրումը Մաքսային միությունից: Սահմանափակումներ են գործում նաև խողովակների, հացահատիկի և տեքստիլի ներմուծման նկատմամբ։

Ուկրաինայում ևս մի շարք հակադեմփինգային տուրքեր են սահմանվել Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից ներկրվող որոշ ապրանքատեսակների վրա, մասնավորապես՝ մեթանոլի և ապակու։

Ուշագրավ է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Ուկրաինան Մաքսային միության հիմնական գործընկերներն են: Այսպես՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության 48,8%-ը բաժին է ընկել ԵՄ-ին: ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 3,4%, Ուկրաինայինը՝ 5,5%։

Մաքսային միությունից ներկվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ է մտցրել նաև Ուզբեկստանը: Այս երկրում սահմանափակումներ են գործում Մաքսային միությունից ներկրվող ալյուրի, մսի, շաքարի, գարեջրի և մի շարք այլ ապրանքատեսակների վրա:

Մեկնաբանել