Չարաշահումներ առանց բացառության

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը դպրոցաշինության և մշակութային օբյեկտների վերանորոգման գործընթացների ստուգման արդյունքում բոլոր 16 օբյեկտներում չարաշահումներ և խախտումներ է հայտնաբերել։
Աշխատանքների Դ2,4 մլրդ կատարողականի պայմաններում բացահայտվել է Դ670 մլն-ի կամ մոտ 30%-ի ոչ արդյունավետ օգտագործում։ Տեսչության պետ Սոնա Ղարիբյանը, սակայն, պնդում է, որ ճիշտ չէ պատկերը տարածել դպրոցաշինության և մշակութային օբյեկտների վերանորոգման ամբողջ գործընթացի վրա, քանի որ ստուգումներն իրականացվել են՝ հիմնվելով ռիսկերի գնահատման մեթոդի վրա։

Երեկ ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը հրավիրած ասուլիսին ներկայացրեց քաղաքաշինության նախարարության կողմից դպրոցաշինության և մշակութային օբյեկտների վերանորոգման 2011-2012 թթ. մրցույթներով կատարված աշխատանքների ստուգման արդյունքները։

Ստուգումները կատարվել են 16 օբյեկտներում, որից 13-ը եղել են դպրոցներ։ Հայտնաբերվել են ընդհանուր առմամբ Դ670 մլն-ի խախտումներ, թերություններ ու ոչ արդյունավետ ծախսեր։ Դրանցից Դ109 մլն-ը բացահայտվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ. գումարները վճարվել են, իսկ աշխատանքները չեն կատարվել։ Մեկ դեպքում կապալառուն ստացել է Դ68 մլն և ընդհանրապես ոչ մի աշխատանք չի կատարել։

Ստուգումները ցույց են տվել, որ խախտումները պայմանավորված են եղել առավելապես հիմնանորոգման աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպմամբ։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են առանց հաշվի առնելու շինության վնասվածության աստիճանը և տեխնիկական վիճակը, ինչի հետևանքով նաև դպրոցի փլուզման մեկ դեպք է արձանագրվել։ «Այս երևույթները քաղաքաշինության ոլորտում համատարած բնույթ են կրել»,– ասաց Ղարիբյանը։

Այսպես, հաշվի չառնելով դպրոցի վնասվածության աստիճանը, Սյունիքի մարզի Տեղ գյուղի դպրոցի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ, 2009թ. կապալառու «Առվա երկիր» ընկերությունը կատարել է Դ43 մլն-ի վերանորոգման աշխատանքներ, իսկ 2011թ. ամռանը դպրոցը փլուզվել է։

Սոնա Ղարիբյանի խոսքով՝ քաղաքաշինական մրցույթները կազմակերպում է և անցկացնում է քաղաքաշինության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ)։ Ուշագրավ է, որ նախարարությունների ԾԻԳ-երի կանոնադրությամբ սահմանված է, որ հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը դրա տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ մրցութային կարգով: Հիմնարկի տնօրենի և աշխատողների մրցույթի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը:

Խաչիկյանը «անմեղ է»
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ 2011թ. սոցիալական ապահովության ոլորտում հայտնաբերված Դ10 մլրդ-ի նման չարաշահումներ եղել են նաև նախորդ տարիներին, Ղարիբյանն ասաց, որ խախտումները կրել են համակարգային բնույթ, և հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է ենթադրել, որ գրեթե նույն ծավալի չարաշահումներ եղել են նաև 2009թ. կամ 2010թ.:

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետը, փաստորեն, չի բացառում, որ վերջին երեք տարիներին պետբյուջեից յուրացվել է մոտ Դ30 մլրդ։

Անցած տարի կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտումից հետո ցուցակներից դուրս էին բերվել 11 հազ. անձանց անուններ, որոնք տարիներ շարունակ կեղծ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակ էին ստացել:

Ուշագրավ է, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների հատկանիշներով 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում պարզել են, որ 42 մեղադրյալի կատարած հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմել է Դ327,5 մլն։ Մեղադրյալների թվում է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որին մեղադրանք է առաջադրվել Դ240 մլն յուրացնելու մեջ։

Ստացվում է, որ ֆիննախի տվյալներով՝ միայն մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների վճարման ոլորտում անհայտացել է Դ10 մլրդ, սակայն քննչական մարմինները ձերբակալել են անձանց, որոնք յուրացրել են այդ գումարի ընդամենը 3,3%-ը։ Թե ով է յուրացրել մնացած գումարները, առայսօր պարզ չէ։ Չի բացառվում, որ Վազգեն Խաչիկյանը և մյուսները յուրացրել են ավելի մեծ չափի գումարներ, որոնց վրա աչք են փակում քննչական մարմինները։

Մեկնաբանել