24 տարի է անցել, սակայն դեռ կա աղետի գոտին

24 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ ձմեռային բավական տաք մի օր, առավոտյան 11:41 Հայաստանը ցնցվեց երկրաշարժից: Այն զգացվեց ՀՀ ողջ տարածքում, էպիկենտրոնը՝ Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում էր, որտեղ ուժգնությունը կազմեց 10 բալ՝ ըստ МSК – 64 սանդղակի: Գյումրիում և Ստեփանավանում այն զգացվեց 9 բալ հզորությամբ, Վանաձորում՝ 8-9-ը, Երևանում՝ 6 բալ: Գլխավոր ցնցման տևողությունը 35-45 վայրկյան էր, որի ընթացքում երկրի մակերեսին առաջացավ բեկվածք՝ մոտ 37 կմ երկարությամբ:

Հայաստանը կառուցողները միշտ չէ, որ սրտացավորեն հիշել էին, որ այն երկրաշարժերի սիրելի հանգրվաններից մեկն է. ցնցման շուրջ 9 բալ հզորությունը վնասեց այստեղ շուրջ 10 հազար ք/կմ տարածք՝ 21 քաղաք, 342 գյուղ, ուր ապրում էր շուրջ 1 մլն. բնակիչ, և ավերեց՝ շուրջ 3 հազար ք/կմ՝ այդ թվում 11 քաղաք, 58 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ:

Հայաստանը նաև չուներ երկրաշարժի ժամանակ համապատասխան միջոցներ ձեռք առնելու մասին տարրական կրթություն: Փրկարարական գործողությունների ժամանակ զարհուրելի տեսարաններ էին բացվում: Ինչպես տարիներ առաջ պատմել է ԱԻՆ խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը, Գյումրիում առաջին հարկում գտնվող երկրորդ դասարաններից մեկի բոլոր աշակերտները գտնվել էին իրենց տեղերում նստած՝ ձեռքերը մեջքի հետևում խաչած: Բոլորը զոհվել էին, թեպետ կարող էին փրկվել, եթե ուսուցչուհին հրահանգեր ցատկել պատուհանից, որ գետնից մոտ մեկ մետր էր բարձր, կամ գոնե թաքնվեին սյուների կամ նստարանների տակ:

Տարբեր տվյալներով՝ զոհվեց 25-30 հազար մարդ, վիրավորվեց շուրջ 31 հազարը: Փլատակներից հաջողվեց կենդանի դուրս բերել շուրջ 45 հազար մարդու, հոսպիտալացվեց՝ 12500-ը։ Աղետի գոտուց տարհանվեց ավելի քան 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը ուղարկվեց Հայաստանից դուրս:

Երկրաշարժի հասցրած նյութական վնասը կազմեց շուրջ $10 մլրդ:

Գրեթե քառորդ դար է անցել այդ օրից, սակայն Հայաստանում երկրաշարժի ավերած տարածքը դեռ կոչվում է աղետի գոտի: Այստեղ աշխատող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տվյալներով՝ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում, նրանցից շատերը տարբեր «օրինական» պատճառներով նույնիսկ ընդգրկված չեն անօթևանների ցուցակներում, բազմաթիվ երեխաներ մանկատներից իրենց սիրելի ընտանիք են վերադառնում միայն շաբաթ և կիրակի օրերին, քանի որ նրանց պահելու համար ծնողները պատշաճ վարձատրություն չեն ստանում իրենց ոչ թեթև աշխատանքի համար, իսկ երբեմն էլ ուղղակի չեն կարողանում գտնել աշխատանք, և թերսնությունից բազմաթիվ երեխաներ խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերել:

Լուսանկարը՝ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության

Մեկնաբանել