Մաքսայինին հեշտացրել են արժեքը

Կառավարությունը սեպտեմբերին որոշել էր պարզեցնել մաքսային արժեքի որոշման գործընթացը և, ըստ էության, վերացնել կամայականության տարրերը։ Ազգային ժողովը, սակայն, այս ընթացքում չի շտապել և միայն դեկտեմբերի 4-ին և 5-ին է, համապատասխանաբար առաջին և երկրորդ ընթերցմամբ, ընդունել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Ուշագրավ է, որ գործադրի օրենսդրական նախաձեռնությանը դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորները, «Ժառանգությունում», ՀՅԴ-ում և ԲՀԿ-ում որոշել են ձեռնպահ մնալ։

Ոչ իշխանական խմբակցությունների վարքագիծը տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ կառավարության առաջարկությունները զգալիորեն հեշտացնելու են մաքսային արժեքի որոշման ու մաքսային ձևակերպումների գործընթացները, կրճատելու են պահանջվող ժամանակն ու ծախսերը, սահմանափակելու են պետական հովանավորչության տարրերը։ Այս փոփոխություններն առաջին հերթին չեն բխում գործարար պատգամավորների շահերից, քանի որ ներկայիս օրենսդրության պայմաններում, մաքսավորների հետ սերտ համագործակցությամբ, նրանք կարողանում են ստանալ մրցակցային առավելություններ մյուս գործարարների նկատմամբ։

Ներկայում գործող օրենսդրությամբ հստակ չէ գործարքի գնի որոշման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, ապրանքի հաշիվ-ապրանքագրից բացի՝ մաքսային ծառայության աշխատակիցները պահանջում են մի շարք այլ փաստաթղթեր, ինչը որոշակի բարդություններ է առաջացնում մաքսային արժեքը որոշելիս։ Օրենսդրական այս բացը մաքսային ծառայողների համար կամայականությունների հնարավորություն է ընձեռում և թույլ տալիս գործարարներին բաժանել յուրայինների և ոչ յուրայինների։

Տարիների փորձն ու գործարարների դժգոհությունը ցույց է տալիս, որ մաքսազերծման ժամանակ որպես կանոն կիրառվում է ոչ թե գործարքի գնի մեթոդը, այլ համանման ապրանքների գործարքի գնի, ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի, հաշվարկային արժեքի կամ պահուստային գնի մեթոդները։ Այս մեթոդների կիրառման դեպքում ապրանքի մաքսային արժեքը զգալիորեն տարբերվում է իրական մաքսային արժեքից, ինչի հետևանքով գործարարները վճարում են ավելի շատ մաքսատուրք և հարկեր։ Տարբեր տնտեսավարողների նկատմամբ տարբեր մեթոդների կիրառումը ապրանքային միևնույն շուկայում անխուսափելիորեն ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ։

Մաքսայինում կամայականությունները նվազագույնի հասցնելու համար կառավարությունը օրենսդրորեն ամրագրել է, որ մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը հայտարարատուին պետք է գրավոր ներկայացնեն այդ մեթոդի կիրառմանը խանգարող հանգամանքները և առաջարկեն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել լրացուցիչ ապացույցներ և պարզաբանումներ։

Օրենսդրական այս փոփոխությունը եզակիներից է, որն իսկապես ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը և մաքսային ոլորտում կամայականությունների վերացմանը։

Մեկնաբանել