Երուսաղեմում վանդալները սրբապղծել են հայկական գերեզմանատունն ու ուղղափառ վանքը

Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական գրություններ են կատարել Սուրբ Խաչ ուղղափառ եկեղեցու պատերի և հայկական գերեզմանատան դարպասների վրա, հաղորդում է AFP-ն:

Ականատեսների խոսքով` առաջին գրությունը նկատվել է առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Եկեղեցու պատերին եբրայերենով գրվել են մի շարք կարգախոսներ, ինչպես օրինակ` «Մահ քրիստոնեությանը»:

Բացի այդ` անհայտ անձինք վանքի ծառայողների մեքենաների անվադողերն են վնասել, իսկ մեքենաների վրա գրություններ թողել:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վանդալներին անվանել է «անբարոյականներ»: Ենթադրվում է, որ տեղի ունեցածի հետևում կանգնած են աջ արմատականները: Ոստիկանությունը վանդալիզմի փաստի առթիվ հետաքննություն է սկսել:

Նշենք, որ Իսրայելում բնակվում է 155 հազ. քրիստոնեա, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 2%-ը:

Մեկնաբանել