ԲՀԿ-ի որոշման արդյունքում գործող նախագահը կավարտի ընտրարշավը առաջին փուլում. քաղաքագետ

ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափը ստացավ իր լուծումը, և սա, ըստ էության, հնարավորություն ստեղծեց գործող նախագահի համար առաջին փուլում ավարտել ընտրարշավը՝ ստանալով համապատասխան ձայներ ընտրազանգվածից, և տեսնել ուրիշ կուսակցությունների պոտենցիալը քաղաքական դաշտում. նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն էլ պիտի փորձի գտնել այլ ձևաչափեր սեփական աշխատանքի համար, քանի որ խնդիրն այն է, թե ինչ ֆորմատով կլինի իր աշխատանքը և համագործակցությունն այլ ուժերի հետ:

«Այս պահին մենք կարող ենք խոսել ոչ թե ընտրարշավի ձևաչափի փոփոխության մասին կամ խնդիրների բացակայության կամ հաշվետվության մասին, որ պետք է ներկայացվեր, այլ մենք խոսում ենք մի փոքր ֆորմալիզացիայի մասին, որ տեղի է ունենալու և ընտրարշավի ժամանակ, և ըստ էության, դրանից հետո»,- նշեց նա:

Պատասխանելով Ռուսաստանի կողմից մինչև վերջերս շահագործվող Գաբալայի տեղորոշիչ կայանների կարգավիճակի մասին հարցին՝ նա նշեց, որ այս դրության մեջ կտրուկ՝ 7-300 մլն-ի բարձրացնելով տեղորոշիչ կայանների շահագործման գինը՝ Ադրբեջանը ներկայացրեց իր քաղաքական, տնտեսական և ռազմական առաջնայնությունները, Ռուսաստանը, հրաժարվելով այդ կայանների շահագործումից, ինչ-որ չափով կորցրեց իր ազդեցությունն այդտեղ: Տվյալ պարագայում, ըստ քաղաքագետի, չի կարելի հաշվի չառնել Ադրբեջանի տրանս-կասպյան հնարավոր համագործակցության գործոնը: «Մի բան էլ պիտի նշենք. Ադրբեջանը փորձում է օգտագործել այս էլեմենտը Արևմուտքի հետ իր բանակցությունների մեջ»,- նշեց նա:

Մարգարովի դիտարկմամբ՝ Բաքվի հայտարարությունները, թե այս համագործակցության կասեցումը չի ազդելու ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, չի համապատասխանում արդեն իսկ առկա իրականությանը: «Ազդանշաններ կան արդեն հարաբերությունների սառեցման»,- նշեց նա: Այս պարագայում, եթե Հայաստանը որոշակի ուշադրություն դարձնի Ռուսաստանի հետ իր հարաբերությունների վրա, կարող է առավել սերտացնել դրանք:

Գաբալայի՝ ԱՄՆ-ի կամ Թուրքիայի կողմից շահագործման հեռանկարը Մարգարովը դիտարկել չկամեցավ, քանի որ, ըստ նրա, այս վայրը հիմա առավել հրապուրիչ է միայն զբոսաշրջիկների համար:

Մեկնաբանել