Սիրիայի հայկական գյուղերը վտանգված են

Սիրիայում կառավարական ուժերի և զինյալների միջև բախումների ժամանակ, ելնելով անվտանգության նկատառումներից, բազմաթիվ հայեր դուրս են եկել Իդլեբի շրջանի Յակուբիե հայկական գյուղից: Այս մասին հաղորդում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը:

Ներկայումս Յակուբիեում հիմնականում տղամարդիկ և տարեցներ են մնացել: Վերջին տվյալների համաձայն` գյուղը ընդդիմադիրների հսկողության տակ է անցել: Տեղեկություններն այն մասին, որ զինյալները գրավել են հայկական Սուրբ Աննա եկեղեցուն պատկանող նորկառույց շինությունը և շրջակա տարածքները, Ռեյիսյանի խոսքերով, պաշտոնապես չեն հաստատվել:

Ըստ հալեպահայերի ֆեյսբուքյան էջի` գյուղի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն ընդդիմադիրները հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում: Ըստ «Ազատ Հայ» լրատվական կայքի խմբագիր Հրաչ Գալսահակյանի` Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի աշխարհագրական դիրքը բավականին վատն է, քանի որ թուրքմեն բնակչությունն արդեն հարավից շրջափակել է ճանապարհը դեպի Լաթաքիա, իսկ հյուսիսային եւ արևելյան կողմում թուրքական սահմանն է:

Ընդդիմադիրները միտում ունեն հասնել մինչև ծով: Եթե այն իրականանա, Քեսաբը լիովին կշրջափատվի, և միայն Քարադուրանի ծովափը կմնա: Մինչ օրս թուրքական պաշտոնական սահամանային ուժերը չեն թույլատրել ընդդիմադիրներին այդ կողմից ներխուժել Քեսաբ: «Եթե ներխուժումը թույլատրեն` դեպքերի հակահայկական երևույթն ավելի կշեշտվի»,- ասում է Քալսահակյանը: «Կը խորհիմ, թե Թուրքիայի համար ձեռնտու չէ Քեսաբի անկումը և անկէ ետք տիրելիք քաոսային վիճակը, որովհետև հաւանական է, որ իր սահմանէն ներս գտնուող Հաթայ (Ալեքսանդրեթա) նահանգին մէջ գտնուող Ալեվիներու շրջանակներուն մէջ լուրջ լարուածութիւն ստեղծուի: Մանաւանդ որ այդ նահանգը կը շարունակէ ընդունիլ մեծ թվով սուննի փախստականներ, որոնք տեղավորվել են Քեսաբից ոչ շատ հեռու գտնվող Յայլադաղը անունով գաղթականական ճամբարում»:

Նշենք նաև, որ Քեսաբի մոտ Դյուզաղաջ շրջանը, որտեղ գտնվում է Սիրիա-Թուրքիա միջազգային սահմանակետը, գրեթե դատարկված է, և բնակիչներն անցել են Քեսաբ: Քեսաբը մինչև օրս ունի երկու անհայտ կորած զինվոր: Երիտասարդ բնակչության մի մասն արդեն հեռացել է գյուղից` հասնելով Բեյրութ կամ այլ վայրեր՝ բանակի պահեստային ծառայության կոչից խուսափելու համար: