Հայաստանի կալինինգրադացում

Ռուսական «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Հայաստանը համեմատել է Կալինինգրադի մարզի հետ՝ ընդգծելով, որ չնայած ընդհանուր սահմանի բացակայությանը` Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը: «Ձեզ չի՞ հուզում այն հարցը, որ Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի» հարցին Խրիստենկոն պատասխանել է. «Շատերին դա անհաղթահարելի խոչընդոտ է թվում: Սակայն իմ տեսանկյունից՝ ոչ: Չէ՞ որ Ռուսաստանի Դաշնության կազմում կա էքսկլավ՝ Կալինինգրադի մարզը»: Խրիստենկոն նշել է, թե Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունը հստակ ձևակերպված է, «ինչը հանգեցնում է նրան, որ այն եվրասիական երկիր է»:

Հայտնի է, որ Մոսկվայի շուրջ ինտեգրացիոն գործընթացների ջատագովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Խրիստենկոն ընդամենը փորձում է միս ու արյուն տալ շեֆի գաղափարին: Անցյալ տարվա հոկտեմբերին «Օրակարգ» թերթի խմբագրականում անդրադարձել էի Պուտինի եվրասիական հավակնություններին: Հոդվածը (ստորև) շարունակում է ակտուալ մնալ:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ [2011թ. դեկտեմբերի 4] «Իզվեստիա» թերթում հոդված է հրապարակել՝ գրելով, որ Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածությունը, որն այժմ ստեղծում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, և որին կմիանան Ղրղըզստանն ու Տաջիկստանը, հեռանկարում հիմք կդառնան Եվրասիական միության համար։

Ներկայում, երբ արդեն հայտնի է, թե ով է նախագահելու Ռուսաստանը գալիք 12 տարիներին, պարզ է, որ այդ ժամկետը լրիվ բավարար է գլոբալ նախագծեր իրականացնելու համար: Հիշենք, որ հենց Պուտինն է հեղինակը այն մտքի, որ Խորհրդային Միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն ողբերգությունն էր, և նրա հայտարարությունը պետք է դիտարկել նաև այդ համատեքստում:

Ռուսաստանը, ինչպես ոչ մի այլ կայսրություն, քանդվելու և վերականգնվելու պատմական յուրահատուկ փորձ ունի. Կիևյան Ռուսիան քանդվեց 1200-ականներին, վերակենդանացավ և կրկին փլուզվեց 1600-ականներին: Ռոմանովները վերականգնեցին կայսրությունը, և այն գոյատևեց մինչև 1917թ.: Կարճ ժամանակ անց կայսրությունը վերականգնվեց որպես Խորհրդային Միություն և գոյատևեց մինչև 1991թ.:

Մյուս կողմից՝ Ռուսաստանի կայսերապաշտական մղումները պայմանավորված են օրեցօր հզորացող Չինաստանի գործոնով, որն իր տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական և նույնիսկ տիեզերական հավակնություններով դառնում է նոր աշխարհի երկրորդ բևեռը: Ռուսաստանին բան չի մնում, քան ընդլայնել սեփական ռեսուրսները՝ նաև դեմոգրաֆիկ առումով:

Կասկածից վեր է, որ ինտեգրացիոն գործընթացներում Ռուսաստանն անպայման ներառելու է նաև Հայաստանին, մանավանդ որ այստեղ այդ գործի կեսն արդեն արված է՝ Ռուսաստանը ռազմապես և տնտեսապես երկար ներկայություն է ունենալու Հայաստանում: Դրան գումարվում են Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրները՝ փակ սահմաններ, Ղարաբաղի հարց, պատերազմի վտանգ, որոնք փոքրիկ հանրապետությանը գրեթե այլընտրանք չեն թողնում՝ չնայած ընդհանուր սահմանի բացակայությանը արժանապատվորեն գոնե քննարկելու այդ միությանը միանալու հարցը:

Հայաստանին այս պայմաններում «կալինինգրադացման» վտանգ է սպառնում: Դրան դիմագրավել կարելի է միմիայն ներքին համակարգային խնդիրները լուծելու դեպքում, այլապես ինտեգրացիան կվերածվի կլանման…

Մեկնաբանել