ՀԿԵ-ում բեռնափոխադրումների ծավալը հունվար-նոյեմբերին աճել է 5,8%-ով

2012թ. հունվար-նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3153,1 հազ. տ, ինչը 5,8%-ով գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 445,6 հազ. տ, ինչը 9%-ով գերազանցում է 2011թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 1249,8 հազ. տ բեռ, ինչը 0,9%-ով գերազանցել է 2011թ. ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1457,7 հազ. տ (աճ 9,3%-ով):

Հարկ է նշել, որ 4%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012թ. հունվար-նոյեմբերին այս ցուցանիշը կազմել է 1448 տ` 2011թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1392 տ-ի դիմաց:

Ինչպես նշում են ընկերությունում, երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ է տվել կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը: