Տնտեսավարողներն էլ են խառնում

Համաձայն Կենտրոնական բանկի իրականացրած հարցման՝ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում տնտեսավարողները մի կողմից գործարար միջավայրի պայմանների վատթարացում են արձանագրել, մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության ավելացում։ Գալիք եռամսյակի սպասումները նույնպես նույն տրամաբանության մեջ են՝ գործարար միջավայրը կվատթարանա 2,7%-ով, իսկ տնտեսական ակտիվությունը կավելանա 9%-ով։

2012թ. չորրորդ եռամսյակի համար Տնտեսական ակտիվության և Գործարար միջավայրի ինդեքսների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկն այս տարվա նոյեմբերին հարցում է անցկացրել գործող 1151 կազմակերպություների շրջանում։ Ռեսպոնդենտների պատասխանները հակասական պատկեր են արձանագրել։ Պատասխանների հիման վրա ԿԲ-ն ստացել է, որ չորրորդ եռամսյակում Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,7%-ով, իսկ տնտեսական ակտիվությունն ավելացել է 7,1%-ով։ Ուշագրավ է, որ եռամսյակային կտրվածքով Հայաստանում գործարար միջավայրը վատթարացել է 3,8%-ով, այնինչ տնտեսական ակտիվությունն ավելացել է 6,6%-ով։

Ստացվում է պարադոքսային իրավիճակ. գործարար միջավայրի վատթարացման պայմաններում տնտեսավարողները, որոնք ապահովում են տնտեսական ակտիվությունը, ավելի արդյունավետ են աշխատել։ Ընդ որում՝ տնտեսավարողները բացասական են գնահատել թե՛ փաստացի վիճակը, թե՛ սպասումները. գործարար միջավայրի փաստացի ենթաինդեքսը տարեկան կտրվածքով նվազել է 2,4%-ով, իսկ սպասումներինը՝ 1,2%-ով:

Թեև չորրորդ եռամսյակում Գործարար միջավայրի ինդեքսի նվազում է արձանագրվել, այն դեռևս գտնվում է «կայուն վիճակ» միջակայքում։ Գործարար միջավայրի ինդեքսը չորրորդ եռամսյակում կազմել է 49,6 կետ, Տնտեսական ակտիվության ինդեքսը՝ 59,3։ Ըստ ԿԲ մեթոդաբանության՝ ինդեքսը տատանվում է 0-ից 100 միջակայքում. հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունվում է հաշվեկշռի տատանումը 45-55 կետ միջակայքում։

Ուշագրավ է, որ արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ տնտեսավարողները գործարար միջավայրի վատթարացում են արձանագրում։ Չորրորդ եռամսյակի Գործարար միջավայրի ինդեքսը նույնիսկ ցածր է ճգնաժամային 2009թ. նույն եռամսյակի մակարդակից (50,4 կետ)։

Ըստ ոլորտային ուսումնասիրությունների՝ տարեկան կտրվածքով չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազում (5,9%-ով) և գործարար միջավայրի վատթարացում (1,2%-ով) արձանագրվել է արդյունաբերության ոլորտում։ Առևտրի ոլորտում արձանագրվել է թե՛ տնտեսական ակտիվության աճ, թե՛ գործարար միջավայրի բարելավում՝ համապատասխանաբար 10,9%-ով և 1,9%-ով։ Ստացվում է, որ կառավարության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների արդյունքները զգացել են միայն առևտրի ոլորտի տնտեսավարողները, իսկ տնտեսական հիմնական ճյուղերում, ըստ էության, գործարար միջավայրը բարելավվելու փոխարեն հետընթաց է ապրել։

Աշխատողների թվաքանակի աճ արձանագրվել է հիմնականում արդյունաբերության ոլորտում: Առևտրի և ծառայությունների ոլորտի կազմակերպությունների ավելի քան 70%-ի մոտ աշխատողների թվաքանակի փոփոխություն չի գրանցվել: Սա այն դեպքում, երբ երրորդ եռամսյակում միայն առևտրի ոլորտի կազմակերպությունների 30%-ը կանխատեսել են չորրորդ եռամսյակում աշխատակիցների թվաքանակի աճ։

Չորրորդ եռամսյակում կատարված հարցումներով՝ գալիք եռամսյակում աշխատողների աճ են կանխատեսում արդյունաբերության և առևտրի ոլորտի կազմակերպությունները (համապատասխանաբար՝ 14%-ով և 22%-ով): Աշխատողների թվաքանակի նվազում ակնկալում են շինարարության ոլորտի կազմակերպությունների 40%-ը և արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների 18%-ը:
Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչպես են տնտեսավարողները գալիք եռամսյակի համար սպասում 9% տնտեսական ակտիվություն։

Ներդրումներ
Նախորդ եռամսյակում տնտեսավարողների 26,5%-ը նշել էր, որ պատրաստ է ներդրումներ կատարել. իրականում ներդրումներ կատարել է նրանց 25,7%-ը։

Գալիք տարվա առաջին եռամսյակում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների տեսակարար կշիռը նվազել է. ընթացիկ եռամսյակում հարցված կազմակերպությունների ընդամենը 22,1%-ն է պատրաստ դիմել նման քայլի։ Նախատեսվող և իրականում կատարվող ներդրումների միջև որպես կանոն առկա է շեղում, ուստի 2013թ. երրորդ եռամսյակում ներդրումներ կատարած կազմակերպությունների թիվը, ըստ ամենայնի, է՛լ ավելի փոքր կլինի։

Այս միտումները, ինչպես նաև գործարար միջավայրի վատթարացման սպասումները ևս անհասկանալի են դարձնում գործարարների լավատեսությունը՝ տնտեսական ակտիվության մասով։

Չորրորդ եռամսյակում փաստացի ներդրումների զգալի մասը բաժին է ընկնում արդյունաբերության (30%) և առևտրի (32%) ոլորտներին։ Շինարարության ոլորտում իրականացված ներդրումները գերազանցել են սպասումները (սպասված 19,2%-ի փոխարեն 24,3%):

Ուշագրավ է, որ եթե երրորդ եռամսյակում հարցվածների ավելի քան 30%-ն է պատրաստ եղել չորրորդ եռամսյակում ներդրումներ կատարել արդյունաբերության և առևտրի ոլորտում, ապա չորրորդ եռամսյակում հարցվածների 25%-ն է պատրաստ այդ ոլորտներում ներդրումներ կատարել 2013թ. առաջին եռամսյակում։ Ընդ որում՝ գալիք եռամսյակում բոլոր ոլորտներում ներդրումները հիմնականում ուղղվելու են մեքենաների և սարքավորումների ձեռքբերմանը՝ բացառությամբ առևտրի, որտեղ ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում պաշարներին (74,4%)։

Ինչպես անցած, այնպես էլ այս եռամսյակ կապիտալ վերանորոգում պատրաստվում են իրականացնել արդյունաբերության (27%) և ծառայությունների (20%) ոլորտի ընկերությունները: Ներդրումային ուղղությունների մեջ ամենափոքր տեսակարար կշիռն ունեն շենքերը, շինությունները՝ ընդամենը 11,8%։

Գալիք եռամսյակում ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուր հանդիսանալու է շահույթը (50%)։ Մեծ է նաև տեղական բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավվող վարկերի մասնաբաժինը (41%)։

Կանոնադրական կապիտալի ընդլայնումն առավելապես օգտագործվում է արդյունաբերության (5,5%) և ծառայությունների (7,4%) ոլորտներում, իսկ արտասահմանյան բանկերից ստացվող վարկերից օգտվում են հիմնականում արդյունաբերության ճյուղի կազմակերպությունները (11%)։

Ներդրումների աղբյուրների ընտրությունն էապես տարբերվում է փոքր, միջին և մեծ կազմակերպություններում։ Տեղական բանկերից վարկերը և կուտակված շահույթը ներդրման աղբյուր են առավելապես միջին կազմակերպությունների համար։ Կանոնադրական կապիտալից ներդրումներ պատրաստվում են իրականացնել խոշոր կազմակերպությունների 6,3%-ը։ Փոքր կազմակերպությունների համար ներդրման աղբյուր են կուտակված շահույթը (40%) և տեղական բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող վարկերը (36,3%)։

Վերջին երեք եռամսյակներին կտրուկ նվազել է ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների թիվը։ Ընթացիկ եռամսյակում ավելի մեծ է նախորդ երեք եռամսյակների նկատմամբ ներդրումներ իրականացրած կազմակերպությունների թիվը (89%)։

Ժամանակի ընթացքում թեև փոխվում են կազմակերպությունների ընդլայնմանը խոչընդոտող գործոնները, սակայն գրեթե անփոփոխ են հիմնական խնդիրները։ Բոլոր ոլորտներում, բացառությամբ առևտրի, ընդլայնմանը խոչընդոտող գործոն շարունակում է մնալ պահանջարկի նվազումը. առևտրի ոլորտում առաջին խոչընդոտը փոխարժեքն է։

Չորրորդ եռամսյակում (շուրջ մեկ տարի) որպես գործունեության հիմնական խոչընդոտ արդյունաբերական կազմակերպությունները նշում են պահանջարկի նվազումը։ Երկրորդ խոչընդոտը կրկին փոխարժեքն է՝ արդեն երեք եռամսյակ անընդմեջ։ Երկու եռամսյակ շարունակ տնտեսավարողները որպես խոչընդոտ են նշում նաև ֆինանսական խնդիրները (օրինակ՝ վարկային ռեսուրսների պակասը)։
Ստացվում է, որ մի կողմից վարկային միջոցների հասանելիությունը կազմակերպությունների համար խոչընդոտ է, մյուս կողմից՝ կազմակերպությունների 41%-ը որպես ներդրումների աղբյուր նշում է վարկային ռեսուրսները։ 

Մեկնաբանել