Բացվել է գյուղմթերքի երրորդ տոնավաճառը

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ «Մալիբու» սրճարանի տարածքում, գյուղատնտեսության նախարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ այսօր բացվել է գյուղատնտեսական մթերքների նոր՝ թվով երրորդ տոնավաճառը. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Բացմանը ներկա են եղել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բնակիչները նախատոնական օրերին գյուղատնտեսական մթերք կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված տոնավաճառից: Գյուղատնտեսական տոնավաճառների հիմնական նպատակը գյուղացու եկամտի աճին նպաստելն է, ինչպես նաև՝ առևտրի ոլորտում գյուղացի-քաղաքացի շփումը վերականգնելը:

Տոնավաճառի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն 150-ից ավելի գյուղացիներ՝ գրեթե բոլոր մարզերից: Նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները՝ առևտուրը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նրանց տրամադրվելու են անվճար տաղավարներ, կշեռքներ, սայլակներ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Գյուղատնտեսական երրորդ տոնավաճառը բազմամարդ է եղել, վաճառքի գները՝ խելամիտ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 49 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 876 գյուղացիական տնտեսություններ՝ 182 գյուղական համայնքներից: Մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 30-40 տոննա գյուղմթերք:

Նույն ժամանակահատվածում «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպվել է 33 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 484 գյուղացիական տնտեսություններ՝ 140 գյուղական համայնքներից: Տոնավաճառի ընթացքում իրացվել է 10-15 տոննա գյուղմթերք:

«Մալիբու» սրճարանի տարածքում բացված երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի ամեն օր մինչև դեկտեմբերի 30-ը: