Ընթացքից շեղումներ և դիրքերի հերթափոխություն. Շ. Գանտահարյան

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսին հասցված օդային հարվածի մասին, որը ներկայացված է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի համատեքստում: Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

Դամասկոսի դեմ իսրայելյան օդուժի կատարած սահմանափակ գործողությունը Սիրիայի հարցի զարգացման նոր հունավորում տվեց։ Ռուսական, թուրքական, ընդհանրապես արևմտյան երկրների և որոշ չափով իրանյան համեմատաբար աշխույժ ներգրավվածության դիմաց Թել Ավիվի երևութական կրավորականությունը դուրս եկավ իր վիճակից։ Մինչ սիրիական պաշտոնական աղբյուրները շարունակում էին հայտարարել, որ հարված է հասցվել գիտահետազոտական կենտրոնին, Թել Ավիվը հայտնում էր, որ հարվածել է Դամասկոսից Լիբանան տեղափոխվող զինամթերքին։

Թիրախի այս հակասական մեկնաբանությունը մի պահ կարող է երկրորդական թվալ։ Ի վերջո, իսրայելյան օդուժը բռնաբարել է Սիրիայի օդային տարածքը, դիմել է զինվորական գործողության և հարվածել սիրիական տարածքին։

Թեև Սիրիայի ընդդիմադիր շրջանակներն իրենց վրա վերցրեցին օդային հարձակման պատասխանատվությունը, սակայն Դամասկոսի ամբաստանած կողմը պարզ էր։ Դամասկոսը հայտարարում էր, որ ընդունակ է համարժեք պատասխան տալու Թել Ավիվին։

Մինչ այս բոլորը, Թել Ավիվի համեմատական կրավորականությունը քաղաքական որոշ բացատրություն ուներ. ներսիրիական պատերազմը չպետք է տեղափոխվեր արաբ-իսրայելյան պատերազմի հարթություն. ավելի ճիշտ՝ պետք է շարունակվեր միջսիրիական բախումներով երկիրը քանդելու և մաշման առաջնորդելու զարգացման ընթացքը։ Այժմ, Թել Ավիվը ի՛նքն էր շեղում այս ընթացքը։

Վերադառնանք ընթացքից կատարված այս շեղման պատճառականությանը. մտաբերենք, որ Դամասկոսին նեցուկ կանգնելու ուղղությամբ ռուս-իրանական դիրքափոխումների երևույթը մտածել էր տալիս երկու պետությունների առնչվածության առաջին գծերը գրավելու հերթափոխության մասին։ Ճգնաժամի սկիզբը պաշտոնական Թեհրանն իր բանբերի միջոցով հայտնում էր, որ Սիրիայի դեմ պարտադրված պատերազմի նպատակը Ռուսաստան-Իրան-Սիրիա դիմադրության առանցքի քանդումն է։ Ապա, Իրանը զորակցության իր առաջնակարգ դիրքը երևութապես զիջում էր Մոսկվային։

Թվում է, որ այժմ հերթափոխություն է արվել այս առումով։ Չմոռանանք, որ Իրանի մատնանշած դիմադրությունը ձգվում է մինչև Լիբանան և այս դեպքում այդ առանցքային դիմադրությունը հիմնական սպառնալիք է Սիրիայի դեմ զինվորական գործողություն իրականացրած Իսրայելին։ Թել Ավիվը պարզորոշ հայտարարում էր, որ հարվածել է Սիրիայից Լիբանան տեղափոխվող զինամաթերքին։

Զինվորական գործողության թատերաբեմում հայտնված Իսրայելի դիմաց Դամասկոսի նկատմամբ հայտնված զորակցության երկրորդ դիրքից առաջին դիրք կգար Թեհրանը, որը Դամասկոսին կոչ էր անում համարժեք պատասխան տալու պատահարին։

Ավելի՛ն, Իրանի արտգործնախարարը զգուշացնում էր միջազգային ընտանիքին զինվորական միջամտություն կատարելուց Սիրիայում՝ անկանխատեսելի համարելով նման միջամտության հետևանքները։ Ուղերձը պարզ էր. Իրան չէր կարող ձեռնածալ մնալ առանցքային դիմադրությունը քանդելու միտված զինվորական ծրագրերի իրականացման փորձերի դիմաց։

Թել Ավիվի գործողության դիմաց Թեհրանը առաջին դիրք էր գրավել, իսկ Մոսկվան, երկրորդ կարգի դիրքերից իր արտգործնախարարի ճամփով խոսում էր Սիրիայի ընդդիմադրության հետ պարբերական հանդիպումներ և բանակցություններ ունենալու հնարաւորություններին մասին։

Այս ամենում Անկարայի սկզբնական լռությունը մտածելու տեղիք է տալիս։ Հակաիսրայելյան բեմականացումներ ցուցադրելով արաբական ընկալելիություն ապահովող Անկարան, Թել Ավիվի ներգրաւվածության զարգացման դեպքում, դիրքորոշվելու նեղ ընտրանքների առջև կարող է կանգնել։ Հավանաբար, այս պատճառով էլ Թուրքիայի արտգործնախարարը այս բոլոր թոհուբոհում նախընտրել է խոսել մարդասիրական թեմայի մասին և կենտրոնացել՝ Թուրքիա ապաստանած բազմաթիվ սիրիացի փախստականների հարցի վրա, ավելացնելով, որ Թուրքիան մեծ գումարներ է ծախսում մարդասիրական նպատակների համար։ Նկատելի ուշացումով Թուրքիայի վարչապետը դատապարտեց Իսրայելի հարձակումը՝ ասելով, որ Թել Ավիվի հիմնավորումը պատրվակ է նման գործողություն իրականացնելու համար։

Սիրիայի հարցն ընդհանրապես կարող է շատ թանկ արժենալ Թուրքիային. ոչ միայն գումարային իմաստով։

Մեկնաբանել