Իրանա-եգիպտական բարդ մերձեցում

Իրանի նախագահը փետրվարի 5-ին 1979թ․ Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ այցելել է Եգիպտոս, և Թեհրանը Կահիրեի հետ մերձենալու հույս ունի, գրում է շվեյցարական Le Temps ֆրանսալեզու պարբերականը։ Սակայն եթե Մահմուդ Ահմադիեժադը լիահույս է Իրանի միջազգային աննախադեպ մեկուսացման պայմաններում ստանալ տարածաշրջանային պոտենցիալ գործընկերոջ աջակցությունը, ապա եգիպտացիները շատ ավելի քիչ են ձգտում հարաբերությունների վերականգնման, նշում է պարբերականը։

34 տարի առաջ հարաբերությունները խզած երկու երկրներին պարադոքսալ կերպով միավորում են պատմական և գաղափարախոսական կապեր, որոնք դուրս են տարածաշրջանային ցնցումների շրջանակից։ Այդ իսկ պատճառով էլ բնական էր թվում (առնվազն իրանական տեսանկյունից) այն, որ Եգիպտոսի՝ «Մուսուլման եղբայրներին» հաղթանակ բերած 2011թ․ հունվարյան հեղափոխությունից հետո Կահիրեն ու Թեհրանը կրկին փոխըմբռնման կգան։ Սակայն Իրանը հաշվի չի առել, որ շատ առումներով Սաուդյան Արաբիայից ֆինանսապես կախված «Մուսուլման եղբայրները» պահպանում է հավատարմությունը իր հովանավորին։ Բացի այդ՝ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին շահագրգռված է լավ հարաբերություններով ԱՄՆ-ի հետ, որը ֆինանսական օգնություն է տրամադրում եգիպտական բանակին և արշավ է իրականացնում Թեհրանի դեմ վերջինիս միջուկային ծրագրի պատճառով։

Սակայն ըստ Le Temps-ի՝ մերձեցման փորձերի տեսանկյունից ամենախանգարող հանգամանքը Սիրիան է։ «Եթե Իրանը շարունակում է անվերապահ աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, ապա Մուհամադ Մուրսին սիրիական հեղափոխության մեծ երկրպագու է։ Նա դա չթաքցրեց իր ելույթում՝ 2012թ․ օգոստոսին Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի շրջանակում Թեհրան կատարած այցի ընթացքում։ Իրանի մտահոգված իշխանություններն այդ ժամանակ անգամ իրենց թարգմանիչներին խնդրեցին Մուրսիի ելույթի հեռուստահեռարձակման ընթացքում «Սիրիա» բառը փոխարինել «Բահրեյնով»»,- հիշեցնում է պարբերականը։

Ավստրիական Die Presse պարբերականն իր հերթին խորհուրդ է տալիս չգերագնահատել Ահմադինեժադի այս այցը՝ նշելով, որ Եգիպտոսի և Իրանի նախագահներին միավորող միակ բանը Իսրայելի նկատմամբ ատելությունն է։ «Անգամ պաշտոնական լուսանկարները չկարողացան քողարկել երկու մորուքավորների միջև դիստանցիան»,- գրում է Die Presse-ը։

Մեկնաբանել