Սոցիալական բնակարանների ինստիտուտը Հայաստանում կոմերցիոն փուլ է մտնում

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր կտրվի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրի մեկնարկը։ Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանի խոսքով՝ Դիլիջանում մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ այս տարի նախատեսվում է կառուցել 20-25 բնակարան, ծրագրի առաջին փուլի շրջանակում՝ 50-52 բնակարան։

«Սոցիալական և մատչելի բնակարանները Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կոնֆերանսին Նազինյանը երեկ նշել է, որ ի տարբերություն Հայաստանում նախկինում իրականացված սոցիալական բնակարանաշինության ծրագրերի, որոնք ֆինանսավորվել են դոնորների կամ կառավարության կողմից, ԱՍԲԱ-ի ծրագիրը լինելու է ներդրումային՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ։ Դիլիջանում կառուցվող բնակարանները մատչելի գներով անժամկետ վարձակալության են տրվելու ցածր և միջին եկամուտներ ունեցողներին, քաղաքում ժամանակավորապես բնակվողներին: Շահառուները հնարավորություն են ունենալու նաև ձեռք բերել այդ բնակարանները։

Դիլիջանում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 50-52 բնակարան՝ ծրագրի ֆինանսավորմանն ուղղելով €1,3-1,5 մլն։ Միջոցներ հատկացվելու են ոչ միայն բնակարանների կառուցմանը, այլև ընդհանուր ենթակառուցվածքների ստեղծմանը։ Դիլիջանի ծրագիրը ֆինանսավորում է Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ (DIGH) կազմակերպությանը, երաշխիքներ տրամադրել է Groen West ընկերությունը։

Նազինյանի խոսքով՝ սոցիալական բնակարանների ծրագիր նախատեսվում է իրականացնել նաև Հրազդանում՝ առաջին փուլում կառուցելով 48 բնակարան, Վանաձորում՝ 80 բնակարան, Աշտարակում՝ 50 բնակարան։ «Հայաստանում սոցիալական մատչելի բնակարանների կարիքը հրատապ է, բայց չկա համապատասխան արձագանք շուկայի և պետության կողմից։ Բնակարանային խնդիրների լուծման տարբերակների բացակայությունը խոչընդոտում է համայնքների և մարզերի կայուն զարգացումը»,– նշել է Նազինյանը:

Հայաստանի բնակելի ֆոնդի շուրջ 22 հազ. բազմաբնակարան շենքերի, տարբեր գնահատականներով, միայն 10%-ն է գտնվում բավարար տեխնիկական վիճակում և չունի հիմնանորոգման կարիք։ Քաղաքաշինության նախարարությունը բազմաբնակարան շենքերի համալիրի վերջին հետազոտությունն անցկացրել է 2007թ։ Հասկանալի է, որ թեև 5 տարի առաջ բազմաբնակարանային շենքերի 64%-ի վիճակը գնահատվել է բավարար, ներկայում դրանց տեխնիկական վիճակը կարող է այլ պատկեր ունենալ։

Հայաստանի բազմաբնակարան շենքերի 66%-ը կառուցվել է մինչև անցած դարի 80-ականները։ Բնակելի ֆոնդի շուրջ 96%-ը սեփականաշնորհված է, շենքերը կառավարվում են համատիրությունների կողմից, սակայն տնօրինվող միջոցները հազիվ թե թույլ են տալիս դրանք շահագործել տեխնիկական պահանջներին համապատասխան։ Այս պայմաններում բնակարանային ֆոնդը «դանդաղ գործողության ռումբ» է, որը վաղ թե ուշ պայթելու է։

Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ բնակարանային ֆոնդի խնդիրները հնարավոր է լուծել սոցիալական բնակարանաշինության ճանապարհով։ Պարզ ասած՝ կառուցվում են բնակարաններ, որոնք տրվում են երկարաժամկետ վարձակալության՝ հետագայում ձեռք բերելու հնարավորությամբ։

Անկախ մեծ պահանջարկից՝ երկարաժամկետ վարձակալության հիմունքներով բնակարանաշինությունը Հայաստանում մասնավոր հատվածին չի հետաքրքրում։ Պատճառների թվում ներդրումների վերադարձելիության ժամկետներն են, ինչպես նաև երկարաժամկետ վարկային միջոցների բացակայությունը։