Օլանդը թույլատրել է Մանեի «Օլիմպիան» դուրս բերել Ֆրանսիայից

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հատուկ թույլտվություն է տվել Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավը (1863թ.) Ֆրանսիայից դուրս բերելու համար:

Մանեի հանրահայտ աշխատանքը Փարիզից դուրս չի բերվել 1890-ին Ֆրանսիային նվիրաբերվելուց ի վեր: Օրսե թանգարանի տնօրեն Գի Կոժևալի խոսքով՝ կտավն այնքան կարևոր է, որ նախկին տնօրենները որոշել են այն չտեղաշարժել:

Վենետիկում «Օլիմպիան» կդառնա Դոժերի պալատում բացվող ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշը: Այն կտեղադրվի Տիցիանի «Ուրբինյան Վեներայի» կողքին, որը Մանեն կրկնօրինակել էր 1850-ականներին Իտալիայում աշխատելիս: «Վեներան», որը բերվելու է Ուֆիցիից, նույնպես արգելված է դուրս բերել Իտալիայից:

Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավը ցուցադրվելու է «Մանե. վերադարձ Իտալիա» ցուցահանդեսում, որը գործելու է 2013թ. ապրիլի 25-ից օգոստոսի 4-ը: Յոթանասուն ցուցանմուշից 42-ը կլինեն Օրսեից, ինչն աննախադեպ երևույթ է: Կցուցադրվեն նաև «Լոլան Վալենսիայից» (1862թ.) և Էմիլ Զոլյայի դիմանկարը (1868թ.) կտավները:

Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, որ Մանեի վրա ազդել են ոչ միայն իսպանացիները (առաջին հերթին՝ Վելասկեսը), այլև իտալացիները՝ Վիտորե Կարպաչոն, Անտոնելլա դա Մեսինան, Լորենցո Լոտոն և ուրիշներ:

Մեկնաբանել