Երևանում իշխանությունը հեռացել է քաղաքացուց. Սոս Գիմիշյան

ԱՊՀ օրենքների հետ համեմատած՝ ՀՀ Ընտրական օրենսգիրքն ավելի լավն է, սակայն իրականությունը օրենքով սահմանված կարգերի հետ կապ չունի. նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: «Հայաստանի օրենքները լավն են, թեպետ բազմաթիվ շտկումների տեղ կա՝ ես հոդված առ հոդված նշել եմ, թե որտեղ են փոփոխություններ պետք: Սակայն իրականությունը օրենքների պահանջների հետ կապ չունի: Տեղական ինքնակառավարումը կարող է արդյունավետ լինել, եթե իրոք, աշխատում է անկախ: Համայնքի ղեկավարը պետք է ենթակա չլինի ոչ նախագահին, ոչ ուրիշ մեկին: Իրականում ունենք բացարձակ ստրկացած համակարգ: Բացարձակապես ինքնուրույն գործ չեն անում»,- ասաց նա:

Գիմիշյանը նշեց, որ տարածքային կառավարման մարմինները իրավասու չպիտի լինեն մտնել ՏԻՄ ոլորտ. նրանք պիտի միայն իրավական և մասնագիտական վերահսկողություն իրականացնեն: «Իսկ այսօր հիմնականում մարզպետներն են որոշում, թե համայնքներն ինչ բյուջեներ ընդունեն,- ասաց նա:- Եթե հիմա հայտարարենք, որ համայնքները կցորդ են, ավելի լավ կլինի նրանց համար, քան՝ որ հայտարարում ենք, թե անկախ, բայց իրականում ոչ մի իրավունք չեն իրականացնում»:

Ըստ Գիմիշյանի՝ մեկ միլիոնանոց քաղաքում ճիշտ չէ ունենալ մեկ ընտրովի քաղաքապետ: «Դրանով իշխանությունը հեռացավ քաղաքացուց: Եվ սա ավելի վատ համակարգ է, քան՝ նախկինը: Ավելի լավ էր, որ մնային 12 ընտրովի թաղապետերը»,- նշեց նա:

Գիմիշյանի դիտարկմամբ՝ իշխանությունները լավ են աշխատել խորհրդարանական ընտրություններում, և հիմա ունեն առավելություն: «Ես ցավում եմ, որ այս քաղաքապետի ընտրություններում չստացվեց համախմբված գնալ՝ քայլ առ քայլ ձևավորված իշխանություններին զիջումների տանելու համար, որպեսզի հինգ տարի հետո էլ այս վիճակը չունենանք»,- ասաց նա:

«ՀԱԿ-ը մնում է ՀԱԿ,- ասաց նա,- ի՞նչ է պատահել: Երեք ուժ դուրս էր եկել ՀԱԿ-ից, մեկն էլ դուրս եկավ՝ ՀՀՇ-ն, լուծարվեց, դուրս եկավ: Այլ բան է, որ նոր կուսակցություն են հիմնադրել էլի ՀԱԿ անունով. այստեղ մի փոքր խառնաշփոթ կա»:

Մեկնաբանել