Ավագ երեքշաբթի. կյանքը հարսանիքի պատրաստություն է

Այսօր ավագ երեքշաբթի է. օրվա խորհուրդը ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ՝ մարդն առաքինի գործերի պտուղներով պետք է հոգեպես պատրաստ լինի Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես անպտուղ թզենու նման կդատապարտվի չորացման, երկնքի արքայությունից դուրս կմնա հիմար կույսերի նման:

Օրվա ավետարանական ընթերցվածը «Տասը կույսերի» առակն է: Այն պատմում է հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին, որ հրավիրված էին հարսանիքի: Երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը, ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը՝ հանգած մոմերով` հիմար կույսերին։

Ավանդույթի համաձայն՝ հարսանիքի հրավիրված տաս կույսերն ու տաս երիտասարդները հատուկ դեր ունեին հարսանեկան արարողակարգում: Կույսերն իրենց ճրագներով պիտի լուսավորեին նորափեսայի ճանապարհը: Առակում հրավիրված կույսերից հինգն իմաստուն էին, և իրենց հետ վերցրել էին պահեստային ձեթ, հինգն՝ անհեռատես, հիմար: Փեսան ուշացավ, պատմում է առակը, ճրագների ձեթը վերջացավ, բոլորը նիրհեցին: Կեսգիշերին լուր եկավ, որ փեսան գալիս է: Իմաստուններն սկսեցին նորոգել իրենց ճրագները պահեստային ձեթով, հիմարները ձեթ խնդրեցին իմաստուններից, մերժում ստացան, և ստիպված եղան գնալ՝ ձեթ գնելու: Փեսան եկավ, և հրավիրյալները հարսանեկան խնջույքի սրահ մտան, ու դռները փակվեցին: Երբ հիմարները վերադարձան, նրանց հարսանյաց սրահ չընդունեցին:

Նշենք, որ Քրիստոսն իր երկրորդ գալուստը հաճախ էր համեմատում հարսանիքի հետ, իսկ փիլիսոփաներից ոմանք՝ մարդկային կյանքը նմանեցրել են հարսանիքի անվերջ պատրաստության: Մարդն իր կյանքում փնտրում է իր կեսին՝ ամուսնուն, կնոջը. մարդկային հոգին ձգտում է «ամբողջանալ»՝ հանգիստ ու խաղաղություն ստանալ՝ վերագտնելով աստվածային ներկայությունը: Սակայն այդ բաղձալի օրվա համար հարկ է պատրաստել նաև «ճրագը»: Վերցնել ճրագը՝ ամանը, և չհոգալ բավարար ձեթի մասին, նշանակում է մարմնով հասնել ցանկալի պահին, սակայն հոգեպես պատրաստ չլինել՝ ներկայանալ բոցավառվելու, լուսավորվելու անկարող: Ողջ կյանքը արտաքին բարեգործություններով, մաքրակենցաղ վարքով՝ կուսական անբիծ կենցաղով ապրելը էությամբ պատրաստ լինելու նշան չէ. հիմարներն անբիծ էին բարոյական առումով, հոգևոր առումով՝ դատարկ: Եվ եթե մարդն ապրում է կյանքը անթերի բարոյականությամբ, սակայն Աստծուց հեռու, ապա հարսանյաց սրահի փակ դռան հետևից կասվի նրան. «Ո՞վ ես, ես քեզ չեմ ճանաչում»: Առակում նշված «բոլորի նիրհելը» երկրային մահն է, որը ժամանակավոր է՝ երկրորդ գալստյան սպասումով: Սակայն սա շրջան է, երբ հնարավոր չէ խնդրել և ստանալ, ավելացնել կամ պակասեցնել արված բարեգործությունները, առաքինությունները՝ փոխել ապրած կյանքը: Ավագ երեքշաբթին հիշեցնում է, որ պետք է հոգևոր ձեթ կուտակել, քանի դեռ չի եկել Փեսան, քանի դեռ վրա չի հասել նիրհը:

Կարմեն Մարտիրոսյան

Մեկնաբանել