Սպառողների միության նախագահը գնաճ է կանխատեսում

Շուտով գնաճ կնկատվի. կանխատեսել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ դեռ թանկացում չի արձանագրվել, սակայն սովորաբար Հայաստանում ընտրություններին հաջորդում է գների 7-10 տոկոսով բարձրացում, և Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ այդ միտումը կպահպանվի, քանի որ ընտրական գործընթացներին մեծ դերակատարություն են ունենում օլիգարխները, որոնք ընտրություններից հետո փորձում են հետ բերել իրենց ներդրած գումարները:

Ըստ Արմեն Պողոսյանի՝ գնաճը լինում է նոմինանտ և կրիմինալ: «Նոմինանտի դեպքում մենք կարողանում ենք պայքարել գնի բարձրացման դեմ, իսկ կրիմինալի դեպքում սպառողը չի կարողանում փաստել գնի բարձրացումը: Կրիմինալի դեմ դժվար է պայքարել. վաճառվում է խոնավ շաքարավազ կամ փոքր քաշով հաց»,- ասաց Պողոսյանը:

Նա երկու նամակ է հղել նախագահական նստավայր՝ մեկը նախագահի վերահսկողության ծառայությանը, մյուսը՝ Սերժ Սարգսյանին: Պատասխան չի ստացվել: «Պահանջը հետևյալն է՝ առաջարկում ենք անցկացնել ստուգայց, հացի և շաքարավազի որակական հատկանիշները պարզել, և թե դրա հետևանքով որքան կեղծիք է կատարվում»,- ասել է Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք պարզել են՝ շաքարավազում շաքարայնությունը պետք է 91 տոկոս լինի, բայց 40 տոկոս է:

Սպառողների իրավապաշտպանի դիտարկմամբ՝ առաջիկայում թանկանալու է նաև գազը: «Գազի գնի թանկացումն այնպիսի հարված է, որը բոլորիս է խփելու: Մենք չենք կարող գազի թանկացման դեպքում հաց ու մածուն արտադրել ու չթանկացնել նաև դրանք»,- ասել է Արմեն Պողոսյանը:

Մեկնաբանել