Կաննի 66-րդ փառատոնի ներկաներն ու բացակաները

Ընդամենը մեկ շաբաթից՝ մայիսի 15-ին, Ֆրանսիայում կմեկնարկի կինոաշխարհի ամենահայտնի ֆորումներից մեկը։ Կաննի 66-րդ կինոփառատոնի մասնակիցների ցանկն արդեն հայտնի է, հետևաբար հայտնի են նաև նրանք, ում այս տարի չեն հրավիրել Լազուրե ափ։

Կաննը հայտնի է նրանով, որ մեկ անգամ այստեղ հաջողության հասնելով՝ ռեժիսորները հաճախ փառատոնի մշտական այցելուներ են դառնում։

Կաննի սիրելիներից այս տարի կբացակայի Պեդրո Ալմադովարը, որի «Ես շատ գրգռված եմ» ֆիլմը վարձույթում կլինի արդեն մայիսից: Ալմադովարը երկու «Ոսկե արմավենու» դափնեկիր է. առաջինը նա ստացել է 1999թ.՝ «Ամեն ինչ մորս մասին», երկրորդը՝ 2006թ.՝ «Վերադարձ» աշխատանքների համար։

Այս տարի առանց հրավիրատոմսի մնացածների թվում նաև ֆրանսաբնակ հայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանն է, որը 2010թ. «Ոսկե արմավենու» է արժանացել «Շների կղզին» անիմացիոն ֆիլմի համար։ Նրա նոր աշխատանքը՝ «Փարաջանով» կենսագրականը, որի պրեմիերան ծրագրված է հենց Կաննում, չի ընդգրկվել մրցութային ծրագրում։ Ռեժիսոր Օլենա Ֆետիսովայի և գլխավոր դերակատար ու պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի ֆիլմը վարձույթում կհայտնվի միայն աշնանը՝ հավանաբար Լոկառնոյի փառատոնից հետո։

Ամենից շատ ասեկոսեներ առաջացրած բացական Լարս ֆոն Թրիերն է, որի «Նիմֆոմանուհին» պիտի հայտնվի դանիական վարձույթում այս ամիս։ Ֆոն Թրիերը, որն իր հաղթական ճանապարհը հարթել է հենց Կաննի փառատոնում, 2011թ. «Մելանխոլիային» նվիրված ասուլիսին ոչ կոռեկտ է արտահայտվել հրեաների հասցեին։ Սա պատճառ է դարձել, որ նրան Կաննում persona non grata հայտարարեն։ Այդուհանդերձ, փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են են, որ Ֆոն Թրիերը մշտապես սպասված հյուր է, պարզապես նրա նոր ֆիլմը դեռ պատրաստ չէ։

Չի հասցրել իր հերթական աշխատանքն ավարտել նաև Կաննի սիրելի ռեժիսոր 24-ամյա Քսավյե Դոլանը։ Նրա «Թոմը ֆերմայում» ֆիլմը չի մասնակցի փառատոնին, թեև մինչ այժմ՝ մի քանի տարի շարունակ, նա փառատոնին նոր ժապավեն է ներկայացրել:

Ինչևէ, նրանց հետ կամ առանց նրանց՝ Կաննի փառատոնը կկայանա։

Ապրիլի 18-ին հայտարարվել են մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը, և արդեն պարզ է, թե որ աշխատանքներն են հատուկ ուշադրության կենտրոնում։

Փառատոնի բացման ֆիլմը հոլիվուդյան ռեժիսոր Բազ Լուրմանի վաղուց սպասված «Մեծն Գեթսբին է», որի գլխավոր դերակատարի՝ Լեոնարդո դի Կապրիոյի այցը Կանն այս տարվա գլխավոր իրադարձություններից մեկն է լինելու։

Հիմնական մրցույթում ներկայացված ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի խայտաբղետ է։ Ցանկում են ամերիկացի Աթիվեն Սոդերբերգի «Մոմակալների հետևումը», դանիացի Նիքոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն Աստված կների» ժապավենը, մեքսիկացի Ամատ Էսկալանտեի «Հելին», իրանցի Ասղար Ֆահրարդիի «Անցյալը», ֆրանսիացի Ֆրանսուա Օզոնի «Ընդամենը 17»-ը, թունիսյան արմատներ ունեցող ֆրանսիացի ռեժիսոր Աբդելաթիֆ Քեշիշի «Ադելի կյանքը», ճապոնացի Տակասի Միիկեի «Ծղոտե վահանը», իտալացի Վալերիա Բրունի-Տեդեսկիի «Ամրոցը Իտալիայում» ֆիլմը, հոլանդացի Ալեքս վան Վարմերդամի «Բորգմանը» և այլն։

Կինոքննադատները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել ամերիկացի ռեժիսորներ Իթըն և Ջոել Քոենների նոր աշխատանքին։ «Լյուին Դեվիսի ներսում» ֆիլմը տաղանդավոր ֆոլք երաժշտի և Նյու Յորքում ճանաչման հասնելու նրա պայքարի մասին է։ Գլխավոր դերերում Ջասթին Թիմբերլեքն են և Քերի Մալիգանը։ Քոենները Կաննում «Արմավենի» են ստացել 1991թ. «Բարթոն Ֆինքի» համար. այդ ժամանակվանից ի վեր նրանք փառատոնի սիրելիներից են, սակայն մրցանակ այլևս չեն ստացել։ Միգուցե պահը հասունացել է։

Հաջորդ ֆավորիտը Ասղար Ֆահրադին է, որին 2011թ. համաշխարհային ճանաչում և մի շարք մրցանակներ բերեց «Նադիրի և Սիմինի ապահարզանը»: Այս տարի իրանցի ռեժիսորը Կաննի փառատոնին մասնակցում է «Անցյալը» ֆիլմով։

Ուշագրավ է Նիքոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն Աստված կների» ֆիլմի մասնակցությունը։ Նրա անունը ևս աշխարհին հայտնել է Կաննը՝ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ «Դրայվը» 2011թ. արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։ Նոր ֆիլմի գլխավոր դերակատարը նույն Գոսլինգն է։

Չի կարելի չնշել Ջիմ Ջարմուշի «Կենդանի կմնան միայն սիրեկանները» ֆիլմը։ Ռեժիսորը վերջին անգամ նոր ֆիլմ է ներկայացրել 2009թ.։ Նրա այս աշխատանքը տարօրինակ միացություն է՝ վամպիրների մասին ռոմանտիկ կինո, գլխավոր դերերում՝ Թիլդա Սուինթոն, Ջոն Հերթ և Թոմ Հիդլսթոուն։

Ռոման Պոլանսկին կներկայացնի «Վեներան մորթիների մեջ» ֆիլմը՝ ամերիկացի դրամատուրգ Դեյվիդ Այվզի համանուն պիեսի հիման վրա։ Հեղինակը մասնակցել է նաև ֆիլմի սցենարի ստեղծմանը։ Սեքս կատակերգության գլխավոր դերում Պոլանսկու կինն է՝ Էմանուել Սենյեն։

Լազուրե ափում շատ են սպասում Ֆրանսուա Օզոնի «Ընդամենը 17» ֆիլմին, որը պատմում է 17-ամյա աղջկա առաջին սիրո և տառապանքների մասին։

Կաննի 66-րդ փառատոնի Shot Film Corner ծրագրում Ռուսաստանը կներկայացնի 51 կարճամետրաժ, որոնցից երեքը հայ ռեժիսորներ են նկարահանել. Աշոտ Քեշչյան՝ «Ալխաս և Ջուլիետա», Արա Արուշ՝ «Որսորդը», և Համլետ Դուլյան՝ «Սուզվելով կրակի մեջ»։

Ռուսական «Արտկինո» կինոդպրոցի ուսանող Համլետ Դուլյանի 18-րոպեանոց «Սուզվելով կրակի մեջ» ֆիլմի հիմքում Հայոց ցեղասպանության իրական փաստերն են: Դեպքերը ծավալվում են Մուշ քաղաքի մոտակայքում։ Գլխավոր հերոսը թուրք զինվոր Այդընն է, որը հրաման է ստացել ոչնչացնել հայերի ընտանիքը: Զինվորը կանգնած է բարդ ընտրության առաջ. չենթարկվե՞լ թուրքական կառավարությանը՝ ի դեմս սեփական հոր, թե՞ հրացանն ուղղել երեխայի վրա։

Այս թեմային նվիրված ևս մեկ ֆիլմ կներկայացվի Կաննի 66-րդ փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։ Ռուբեն Գևորգյանց Կրտսերի «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի ու այնտեղ ապրող հայկական համայնքի մասին։

Մեկնաբանել