Արդյունքն առավել էական է, քան այն, թե ով է այդ արդյունքն ապահովում. Գ.Մինասյան

Արդյունքն առավել էական է, քան այն, թե ով է այդ արդյունքն ապահովում. «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության գրեթե անփոփոխ կազմին: «Տնտեսության մեջ կան գործընթացներ, որոնց արդյունքները մեկ օրում բոլորի համար տեսանելի չեն կարող լինել,- նշեց նա,- սակայն հաշվի առնելով կատարված մեծ աշխատանքը՝ մենք արդեն կարող ենք ակնկալել արդյունքներ»:

«Կան նպատակներ, որոնք հստակ են սահմանված: Եվ եթե այդ նպատակները հասանելի չլինեն, վստահ եմ, որ կադրային փոփոխություններ կլինեն»,- հավաստեց նա:

Մինասյանն անդրադարձավ կառավարության կադրային փոփոխությունների քաղաքական ենթատեքստին՝ խոսելով մասնավորապես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում Յուրի Վարդանյանի նշանակմանը: Նա նշեց, որ թեպետ նախկին ԲՀԿ-ական նախարար Ռոստոմյանը նախարար նշանակվելուց հետո պատշաճ կերպով հրաժարվել էր «Բարգավաճ Հայաստան»-ի անդամակցությունից, սակայն կողմ չէր քվեարկում կառավարության նախագծերին. այդ էլ պատճառ դարձավ նրան փոխարինելու համար: Իր խոսքով՝ դա երկու կուսակցությունների միջև առավել մեծ լարվածություն կամ «ուղեփակոց» չի ենթադրում: «ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հարաբերությունները մնում են նույն սանդղակում, ուր եղել են նվազագույնը վերջին մեկ տարվա ընթացքում»,- ասաց նա:

Երևանի ավագանու ընտրությունների կեղծման, ընտրախախտումների մասին մեծաթիվ ահազանգերին և քվեների վերահաշվարկի արդյունքում չփոխվող թվերին անդրադառնալով՝ նա ասաց, որ դա ապացուցում է, որ արդեն հնարավոր են «անցնցում հաղթանակներ», իսկ ընդդիմության վարքը մնում է «անհասկանալի», ընտրախախտումների մասին աղմուկն էլ «ինչ-որ բան է, երբ այլևս անելիք ու ասելիք չունես»:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել