Տնտեսությունում նվազում է ավելացված արժեք ստեղծող ոլորտների մասնաբաժինը

Կառավարությունը թեև հայտարարում է ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխության ու գիտելիքահենք տնտեսության կառուցման մասին, Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները վկայում են՝ հայտարարությունները բավական դանդաղ են կյանքի կոչվում։ Ավելին՝ տնտեսությունում անցած տարվա կտրվածքով նվազել է ավելացված արժեք ստեղծող ոլորտների մասնաբաժինը, մյուս կողմից՝ վերջին երեք տարիներին շարունակաբար ավելացել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի «ներկայացվածությունը»։

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ եթե մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2010թ. եղել է 9,5%, ապա անցած տարի այն կազմել է 9,9%։ Գյուղատնտեսության մասնաբաժինը 2012թ., 2010թ. համեմատ, ավելացել է 1,9-տոկոսային կետով՝ հասնելով 19,1%-ի։ Մյուս կողմից՝ տնտեսությունն ավելացրել է կախվածությունը հանքարդյունաբերությունից։ Այսպես, եթե 2010թ. ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2,5% է եղել, ապա 2011թ. արդեն հասել է 2,7%-ի, 2012թ.՝ 2,9%-ի։

ՀՆԱ-ի կառուցվածքում վերջին երեք տարիներին շարունակաբար ավելացել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի մասնաբաժինը. եթե 2010թ. այն կազմել է 3,6%, ապա 2011թ. հասել է 4%-ի, 2012թ.՝ արդեն 4,5%-ի։ ՀՆԱ-ում ֆինանսական համակարգի այսպիսի «ներկայացվածությունը» առաջին հերթին պայմանավորված է 2011-ից ԱՊՊԱ ինստիտուտի և անցած տարվանից՝ պետական համակարգի աշխատակիցների համար սոցփաթեթի (այդ թվում՝ առողջության պարտադիր ապահովագրության) համակարգի ներդրումով։

Անցած տարվա ՀՆԱ-ի կառուցվածքից երևում է, որ տարեկան կտրվածքով նվազել է ավելացված արժեք ստեղծող ոլորտների մասնաբաժինը և ընդհակառակը՝ ավելացել է ծառայությունների ոլորտինը։ Այսպես՝ 2012թ., 2011թ. համեմատ, գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը նվազել է 1,2-տոկոսային կետով, մշակող արդյունաբերությանը՝ 0,7-տոկոսային կետով։ Միևնույն ժամանակ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի մասնաբաժինն ավելացել է 0,5-տոկոսային կետով, կացության և հանրային սննդի ոլորտինը՝ 0,3-տոկոսային կետով, մեծածախ և մանրածախ առևտրինը՝ կրկին 0,3-տոկոսային կետով։ 

Մեկնաբանել