Մեր եվրոպացի գործընկերները տեղյակ են եղել այս որոշման հնարավորության մասին. Շավարշ Քոչարյան

Մինչ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելը մեր եվրոպացի գործընկերներն արդեն տեղեկացված են եղել, որ Հայաստանը հնարավոր է` անդամակցի Մաքսային միությանը. սեպտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այնպես չէ, որ եվրոպական կողմն անակնկալի է եկել, մենք մեր արտաքին քաղաքականությունը երբեք այդպես չենք վարում»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ միաժամանակ կարևորելով ստեղծված իրավիճակում նոր քննարկումների կազմակերպումը:

Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանը նախկինի պես շարունակելու է համագործակցությունը Եվրամիության հետ, միայն մեկ տարբերությամբ, որ «Խոր և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրն արդեն դառնում է անմահատեղելի Մաքսային միության անդամակցության հետ»:

«Մնացած բոլոր ծրագրերը մենք պատրաստ ենք շարունակել»,- ասաց փոխարտգործնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մաքսային միությանն ադամակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսային սահմանի առաջացմանը, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ «Արցախը ՀՀ-ի համար այն կարմիր գիծն է, որն իրենք երբեք չեն անցնի»:

«Եվ բնական է, բացառվում է, որ Հայաստանի և Արցախի մեջ մաքսային սահման լինի»,- ասաց նա:

Խոսելով ԵՄ մի շարք պաշտոնյաների «կոշտ» գնահատականների մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ինքը «խիստ և կոշտ գնահատականներ չի լսել»:

«Եթե խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք պատասխանատու են այս ամբողջ գործընթացի համար, Հայաստան-Եվրամիության բանակցությունների համար, ապա այդ անձանց կողմից խիստ գնահատականներ չեն եղել»,- ասաց փոխարտգործնախարարը:

Հարցին, թե արդյոք Մաքսային միություն մտնելու որոշումը չի վտանգում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ ներկայում այդ հարցերի շուրջ եվրոպացի գործընկերների հետ պետք է բանակցեն:

«Մենք պատրաստ ենք Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, այդ պայմանագիրը մեզ համար կարևոր է, որովհետև շատ լուրջ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ Եվրոպայի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի` Եվրոպայի հետ համագործակցության, բարեփոխումների, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության ուղղությունն անփոփոխ է և շարունակվելու է:

Սեպտեմբերի 3-ին սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել