Երեք «թակարդ» տեսախցիկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից` հատուկ վայրի բնությունը հսկելու համար

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, հաշվի առնելով Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում գտնվող և շուրջ 2000 հա տարածք ընդգրկող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը մշտապես հսկողության տակ պահելու կարևորությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրել է երեք «թակարդ» տեսախցիկ` հատուկ վայրի բնությանը հետևելու համար: Տեսախցիկներն ունեն ներդրված հատուկ GSM մոդուլ: Ինչպես ասված է օպերատորի տարածած հաղորդագրությունում, տարածքը 2011թ. վերահսկվում է հիմնադրամի կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, ինչին աջակցում են ինչպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը, բրիտանական Համաշխարհային հողային միավորումը (World Land Trust) և Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն (IUCN NL): Կովկասյան հովազի, ինչպես նաև այլ կենդանիների` բեզոարյան այծերի, անդրկովկասյան գորշ արջի, գառնանգղերի, գայլերի, վարազների և աղվեսների տեսագրությունները, 2010թ. ի վեր` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ, ապաստարանն անվտանգ միգրացիոն միջանցք է ապահովում կենդանիների համար, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար` ծառայում է որպես բուֆերային գոտի: Կենդանիների պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և նոր սերնդին կրթելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մի շարք միջոցառումներ կկազմակերպի այս տարի: Դրանց թվում են 6-րդ համահայկական նկարչական մրցույթը և «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը:

Մեկնաբանել