Սերժ Սարգսյանը ցավակցել է Քենիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական գործողությունը՝ հույս եմ հայտնում, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

«Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնի վրա հարձակումը սկսվել էր սեպտեմբերի 21-ին։ Սոմալիական «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալները ներխուժել էին առևտրի կենտրոն՝ նետելով նռնակներ և կրակելով ինքնաձիգներից։ Նրանք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց:

Հարձակման հետևանքով զոհվել է 62 մարդ, ավելի քան 170 մարդ տուժել է:

Մեկնաբանել