Հարավային Կովկաս. տարամետ տարածաշրջան

Օգոստոսի 16-ին ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդման հյուրն էր Բոստոնի Բենթլի համալսարանի ավագ դասախոս Ասպետ Գոչիկեանը, որը դասախոսություն կարդաց «Հարավային Կովկաս. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով: Գոչիկեանը ներկայացրեց փոքր պետություններին բնորոշ խնդիրները՝ կենտրոնանալով Հարավային Կովկասի երկրների օրինակի վրա: Դասախոսության տեքստը, որոշ խմբագրումներով, ներկայացված է ստորև:

Փոքր պետության բնորոշումը

Երբ խոսում ենք փոքր պետությունների մասին, նախևառաջ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես ենք բնորոշում այն՝ տնտեսությա՞մբ, տարածքո՞վ, բնակչությա՞մբ, թե՞ այլ չափանիշներով՝ ռազմական կարողությամբ կամ միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ։ Այս տեսանյկունից հետաքրքիր է դիտարկել Ուկրաինան. արդյոք այսօր այն փո՞քր պետություն է, թե՞ մեծ։ Այն Եվրոպայի երկրորդ ամենամեծ երկիրն է տարածքով։ Սակայն եթե դիտարկենք, թե որքան ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա,- անկախ այն բանից, որ միջազգային հարաբերությունների կիզակետում է այսօր,- Ուկրաինան՝ որպես պետություն, թերևս այդքան էլ մեծ պետություն չէ։ Մյուս կողմից՝ կարող ենք դիտարկել մեդալի հակառակ կողմը՝ Իսրայելը, որը փոքր է թե՛ բնակչությամբ, թե՛ տարածքով, բայց միջազգային քաղաքականության վրա ազդելու շատ մեծ լծակներ ունի։

Այսպիսով՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է բնորոշել փոքր պետությունը։ Ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Քոհենը, օրինակ, խոսում է տարբեր պետությունների չափի և նրանց՝ միջազգային համակարգի վրա ունեցած ազդեցության մասին։ Այդ գաղափարի վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ փոքր պետություններն այն պետություններն են, որոնց ղեկավարները, եթե իսկապես իրատես են, թերևս գիտակցում են, որ որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների վրա՝ անգամ իրար հետ գործակցաբար։

Այլ հետաքրքրական երևույթ էլ կա՝ փոքր պետությունների դինամիզմը, այն իմաստով, որ պետությունը կարող է այսօր սահմանվել որպես փոքր, բայց ժամանակի ընթացքում փոխվել։ Կամ հակառակը՝ սահմանվել որպես ուժեղ պետություն, մեծ պետություն, բայց ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով՝ դառնա փոքր պետություն։

Օրինակ՝ ամենակարևոր գործոններից մեկը միջազգային հարաբերությունների վրա ազդեցությունն է։ Եթե դիտարկեք, թե Սառը պատերազմի ժամանակ փոքր պետությունների ազդեցությունը որքան էր, կարող ենք ասել, որ դրանք էական ազդեցություն չունեին, իհարկե՝ նայած, թե ինչ դիտանկյունից կմոտենանք հարցին։ Բայց մյուս կողմից, քանի որ միջազգային քաղաքականությունը երկբևեռ էր, փոքր պետությունները, համախմբվելով և ստեղծելով Չմիացած երկրների շարժումը, կարողանում էին ազդեցություն գործել։ Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ միջազգային քաղաքականությունը միաբևեռ դարձավ, փոքր պետություններն ավելի շատացան, որովհետև այլևս կարիքը չկար մի կողմի հետ կապերը մյուսի դեմ գործածելու համար։

Բնորոշումը տնտեսությամբ

Փոքր պետությունը բնորոշելիս հետաքրքրական է դիտարկել նաև տնտեսությունը։ Փոքր պետության տնտեսությունը կարող է ժամանակի ընթացքում զարգանալ, փոխվել։ Եթե փոքր պետություն ես, միջոցներ չունես, ռեսուրսներ չունես, ինչպե՞ս կարող ես զարգանալ։ Այսօրվա իրականության մեջ տնտեսությունը հիմնված չէ ավանդական տնտեսական համակարգերի վրա։ Դու կարող ես փոքր պետություն լինել, ռեսուրսներ չունենալ, բայց նաև կարողանաս, օրինակ, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի զարգացած արդյունաբերություններում դեր ունենալ։ Եվ այդ կերպ կարող ես միջազգային ներկայություն ունենալ, քո տնտեսությունը աճի՝ անկախ քո ռեսուրսներից։

Բնորոշումը բնակչությամբ

Եթե մենք փոքր պետությունը սահմանում ենք բնակչությամբ՝ 2 մլն, 3 մլն կամ 10 մլն, այդ պետությունը նույնպես կարող է որոշակի քաղաքականություն ունենալ և ժամանակի ընթացքում փոխել բնակչության թիվը։ Երկրորդ աշխարհամարտից առաջ շատ պետություններ, օրինակ՝ Իտալիան ֆաշիստների օրոք, ուներ հստակ քաղաքականություն՝ ավելացնել բնակչության թիվը՝ քաջալերելով ծնելիությունը, որովհետև կար կայսրություն ստեղծելու գաղափարը, և այդ կայսրությունը կառավարելու համար ժողովուրդ էր պետք։

Բնորոշումը արտաքին քաղաքականությամբ

Արտաքին քաղաքականությունը ևս կարևոր գործոն է։ Լինելով փոքր պետություն՝ դու չես կարող որևէ ճնշում գործադրել միջազգային հարաբերությունների կամ միջազգային համակարգի վրա։ Բայց կարող ես ունենալ ճկուն արտաքին քաղաքականություն: Ճկուն քաղաքականությունը կարելի է դիտարկել մի քանի անկյուններից։ Օրինակ՝ դու, լինելով փոքր պետություն, կարող ես ակտիվ դեր ունենալ միջազգային կազմակերպություններում և միջազգային հարաբերությունները կարող ես օգտագործել որպես միջոց, որպես լծակ՝ գործադրելու քո ազդեցությունը։

Եթե դիտարկենք միջազգային կազմակերպությունները, կնկատենք շատ հետաքրքիր երևույթ. ընդհանրապես միջազգային կազմակերպություններում փոքր պետությունները և հատկապես եվրոպական փոքր պետություններն են, որ շատ ակտիվ են։ Պատճառն այն է, որ նրանք, օրինակ Դանիան, Ավստրիան կամ Բելգիան, անհատապես չեն կարող որևէ ճնշում գործադրել միջազգային համակարգի վրա։ Սակայն պատահում է, որ Եվրամիությունում վեց ամսվա ընթացքում նախագահում է, օրինակ, Բելգիան, և նա այդ ժամանակահատվածում կարող է Եվրամիության կառույցներն օգտագործել բազմապատկելու իր ազդեցությունը և որոշ չափով ազդեցություն գործադրելու նաև միջազգային հարաբերությունների վրա։

***

Այս ամենի մեջ մենք կարող ենք գործածել նաև թույլ պետություն հասկացությունը։ Արդյո՞ք փոքր պետությունը նշանակում է թույլ պետություն։ Պետք է այդ տարանջատումը մտցնել՝ փոքր պետությունն արդյո՞ք թույլ պետություն է, թույլ պետությունն արդյո՞ք ձախողված պետություն է։

Ձախողած պետության գաղափարն այն է, որ, օրինակ, կենտրոնական իշխանությունը որևէ ազդեցություն չունի մայրաքաղաքից դուրս։ Օրինակ՝ տարիներ առաջ ասում էին, որ Համիդ Քարզայը Աֆղանստանի նախագահը չէ, այլ Քաբուլի քաղաքապետն է, որովհետև նրա ազդեցությունը միայն Քաբուլում է։ Այդպիսի պետությունը ձախողված պետություն է։ Մեկ այլ օրինակ է Սոմալին, որտեղ գործում են ծովահենները։ Սրանք օրինակներ են, որ պետությունը կարող է մեծ լինել, թույլ կարող է չլինել, բայց նաև ձախողված պետություն կարող է լինել։

Կարևոր մի կետ կա, որը նաև կարելի է դիտարկել կովկասյան համատեքստում. ընդհանրապես փոքր պետություններն ունենում են ռեակտիվ, արձագանքող քաղաքականություն, նախաձեռնող չեն լինում, որովհետև նրանց ռեսուրսները քիչ են՝ թեկուզ դիվանագիտության առումով։ Դիցուք Միացյալ Նահանգները ներկայություն ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Հայաստանը կամ Վրաստանը նույնը չեն կարող անել, դրա կարողությունը չունեն ։ Եթե Հայաստանը ցանկանա բոլոր մայրաքաղաքներում ներկայություն ունենալ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է թերևս դիվանագետ լինի։

Այդ պատճառով է, որ փոքր պետությունները սովորաբար միջազգային կազմակերպություններում շատ ակտիվ են։ Երբ ատենախոսությունս էի գրում փոքր պետությունների արտաքին քաղաքականության մասին, հարցազրույց էի վերցնում ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչի հետ: Ինձ հետաքրքիր էր՝ ինչո՞ւ նրանք շատ մեծ ներկայություն ունեն ՄԱԿ-ում, նրանց գրասենյակը ավելի մեծ էր, քան Հայաստանինը։ Պարզվեց, որ Վրաստանը, չունենալով դիվանագիտական ներկայացուցչություններ մի շարք երկրներում, ՄԱԿ-ում է շփվում այլ երկրների ներկայացուցիչների հետ և իր դիվանագիտությունը այնտեղ է վարում։ Սա նույնպես հետաքրքիր երևույթ է՝ եթե դու փոքր պետություն ես, ունես քաղաքականություն վարելու մարտահրավեր, միջազգային կազմակերպությունները քեզ տալիս են այդ հարթակը։

Հարավային Կովկաս

Ինչպե՞ս կարելի է բնորոշել Հարավային Կովկասը։ Ընդհանրապես, երբ խոսում ենք տարածաշրջանների մասին՝ մերձբալթյան, բալկանյան և այլն, կարելի է դրանք դիտարկել որպես աշխարհագրական շրջան, որպես տնտեսական շրջան կամ քաղաքական շրջան։ Այս առումով Հարավային Կովկասը ավելի շատ աշխարագրական շրջան է։ Ինչո՞ւ։ Որովհետև տարածաշրջանի երեք պետությունները իրար հետ գործակցության որևէ եզր չունեն։ Այո՝ երկկողմանի ունեն, բայց ընդհանրական չունեն։ Չունեն, օրինակ, անվտանգության նույնանման մտահոգություններ, ուրեմն՝ քաղաքականորեն Հարավային Կովկասը մեկ տարածաշրջան չէ։ Մյուս կողմից՝ օրինակ, կարելի է համեմատել մերձբալթյան երկրները, որոնք, այո՛, աշխարհագրական տարածք են, բայց քաղաքական ու տնտեսական տարածք են, որովհետև գործակցություն կա։

Խնդիրներից մեկը, մանավանդ՝ Արևմուտքի, այն է, որ Հարավային Կովկասին մոտենում են որպես մեկ տարածաշրջան, մեկ կշիռ՝ բոլոր պետությունների հետ գործակցելու, ինչը սովորաբար ավելի շատ խնդիրների, քան լուծումների է հանգեցնում։

Համեմատենք տարածաշրջանի պետությունների տնտեսությունը՝ առանց բնակչության և տարածքի։ Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 10 մլրդ դոլար է, Ադրբեջանինը՝ 70 մլրդ, Վրաստանինը՝ 16 մլրդ։ Տարածաշրջանին հարևան պետություններից ամենափոքր ՀՆԱ-ն ունի Իրանը՝ 550 մլրդ դոլար, ամենամեծը՝ Ռուսաստանը՝ 2 տրլն դոլար։ Այսինքն՝Հարավային Կովկասի երեք պետությունների տնտեսությունները միասին վերցրած չեն կազմում անգամ Իրանի քառորդ տնտեսությունը։ Ուշագրավ է նաև այն, որ Ադրբեջանի ՀՆԱ-ն՝ առանձին վերցրած, գրեթե կրկնակին է Վրաստանի և Հայաստանի ՀՆԱ-ները միասին վերցրած։ Այսպիսով, Հարավային Կովկասի երեք պետություններն էլ հարակից պետությունների կողքին ունեն փոքր պետությունների բարդույթ։

Ի՞նչն է այս պետությունների մղիչ ուժը և ի՞նչ ուղղությամբ կարող է այն տանել նրանց։

Իհարկե, երբ դու վտանգի մեջ ես, պետք է մտածես անվտանգության և այն մասին, թե ինչ քաղաքականություն կարող ես վարել։ Այս տարածաշրջանում փոքր պետությունները շատ այլընտրանքներ չունեն։ Կարող եք ունենալ երկկողմ հարաբերություններ դրսի մի շարք պետությունների հետ կամ տարածաշրջանային պետությունների հետ գործակցելով, ինչը շատ վտանգավոր է։ Ինչո՞ւ. որովհետև սովորաբար երկկողմ հարաբերություններում,- լինի մարդկային, թե բիզնեսի ոլորտում կամ միջազգային հարաբերություններում,- եթե ուժային իմաստով ունես շատ ուժեղ կողմ և թույլ կողմ, թույլ կողմը պիտի տուժի, այն ավելի պիտի զիջի, քան ուժեղ կողմը։

Տարածաշրջանում երկկողմ հարաբերությունների ամենացայտուն օրինակը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են, որոնք շատ անհավասարակշիռ են։ Այս պատճառով է, որ ընդհանրապես փոքր պետությունները պետք է խուսափեն երկկողմ նման հարաբերություններից։

Հետաքրքիր երևույթ է Վրաստանը։ Այս երկիրը փորձում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի մաս կազմել։ Սա ավելի հավասարակշռված հարաբերություն է, որովհետև ՆԱՏՕ-ում չկա միայն մեկ ուժեղ պետություն, կան մի քանի պետություններ, որոնց շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Այս համատեքստում, երբ կա 20-հոգանոց խումբ, որը չի կառավարվում մեկ ուժեղ անհատի կողմից, այլ կան մի քանի ղեկավարներ, Վրաստանը կկարողանա շատ ավելի հանգիստ ներկայություն ունենալ՝ առանց զիջելու իր ինքնուրույնությունը։

Մյուս այլընտրանքը, որ փոքր պետությունները կարող են կիրառել, փոխգործակցությունն է։ Բայց, ինչպես նշեցինք, Հայաստան-Ադրբեջան-Վրաստան համատեքստում դրանք անիրագործելի են։

Ընդհանրապես այս ամենի լույսի ներքո ո՞րն է ելքը։

Հայաստանը խիստ մխրճված է երկկողմ հարաբերությունների մեջ, մանավանդ՝ Ռուսաստանի հետ։ Եվրասիական միությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում լավագույն օրինակն է՝ արտացոլելու, թե թույլ պետությունը որքան անկարող է ինքնուրույն քաղաքականություն վարելու հարցում։

Հայաստանի անվտանգության երկվությունը

Հայաստանի մոտեցումն անվտանգության հարցում կրում է պետության և ազգի շահերի երկվությունը։ Շատ կարևոր է այն, թե դու, լինելով նոր պետություն, անցած չլինելով պետության գործընթացները, չունենալով պետության փորձառություն, արտաքին քաղաքականություն վարելիս ինչի վրա պիտի հիմնվես։ Եթե ունես բանիմաց դիվանագետներ կամ քաղաքական գործիչներ, կհիմնվես ռեալպոլիտիկի վրա՝ իրականությունը սա է, պետք է այս ձևով շարժվել։ Բայց եթե չունես այդ փորձառությունը, կարող ես հիմնվել նաև քո անցյալի փորձառության վրա՝ որպես ազգ։ Անցյալի վրա հիմնվելով արտաքին քաղաքականություն վարելու ամենացայտուն օրինակը Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններն են։ Արդյոք Հայաստանը պե՞տք է Թուրքիայի հետ ունենա նորմալ հարաբերություններ։ Այստեղ կարևոր է, թե ինչ մեկնակետ ունես։ Պետության շահը ենթադրում է, որ Թուրքիայի հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, սահմանը բացվի և այլն։ Սակայն եթե դու ելնում ես անցյալի փորձառությունից՝ «թուրքը մեր թշնամին է», անկարելի է Թուրքիայի հետ հավասար պայմաններում գործակցել, և դու քաղաքականություն ես վարում՝ ասելով, որ չէ՛, սահմանը պետք է փակ լինի։

Այստեղ գիտեք շատ տարածված խոսքը։ Ասում են՝ Ադրբեջանը ունի նավթ, Վրաստանը՝ աշխարհագրություն, իսկ Հայաստանը՝ Սփյուռք։ Այս համատեքստում արդեն Սփյուռքը ոչ թե շահավետ խաղաքարտ է, որ Հայաստանը կարող է օգտագործել, այլ հակառակը՝ արտաքին քաղաքականություն վարելու արգելք։

Ադրբեջանի հավասարակշռամետ քաղաքականությունը

Ադրբեջանի պարագան հետաքրքիր է։ Նա հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, պարզապես որովհետև միջոց ունի։ Նա կախյալ չէ, գոնե նյութականորեն, այլ երկրներից։ Բայց նաև կախվածությունը միշտ կա, որովհետև Ադրբեջանը միշտ զենք գնելու գործընթացի մեջ է՝ կա՛մ Ռուսաստանից, կա՛մ Արևմուտքից, կա՛մ Իսրայելից։ Բայցևայնպես Ադրբեջանը գոնե ստիպված չէ իր տնտեսությունը կապել մեծ պետությունների կամ շրջակա պետությունների հետ։ Այդ իմաստով, հավանաբար, տարածաշրջանի երեք պետություններից Ադրբեջանն է, որ ավելի հավասարակշռված կամ հավասրակշռամետ քաղաքականություն ունի։ Բայց սա շատ հեշտությամբ կարող է փոխվել, այսինքն՝ նավթի գինը կարող է մեծ տատանումներ ունենալ, և ցանկացած պահի կախվածություն ստեղծել արևմտյան պետություններից։ Ունենալով հավասարակշռված քաղաքականություն՝ Ադրբեջանը դաշինքների մեջ մտնելու կարիք չունի։ Դաշնակիցներ ունի, գործընկերներ ունի ։

Հստակ է, որ Թուրքիան այսօր Ադրբեջանի եթե ոչ անպայման դաշնակիցն է, ապա լավ գործընկերը՝ լինի քաղաքկանության, թե տնտեսության պարագայում։ Բայց որպես դաշնակից՝ չեմ կարծում, թե Ադրբեջանի կողքին ամուր կանգնողի մոտեցում ունի։

Վրաստանի զոհի մենթալիտետը

Վրաստանը կարծես թե զոհի մենթալիտետ ունի՝«Ռուսաստանը պատմության ընթացքում միշտ մեզ հալածել է, միշտ մեզ հետ վատ է վարվել, Խորհրդային Միության ժամանակ էլ է նույնը արել և այլն»։ Սա է, որ Վրաստանին ընդհանրապես մղում է ունենալու հակառուսական կողմնորոշում։ Վրաստանը, ինչպես նշեցի, փորձում է դաշնակիցներ ունենալ կամ գործել այնպիսի միջավայրում, որտեղ հարաբերությունները հավասարակշռված են։ Սակայն Ռուսաստանի ստվերը, Ռուսաստանի ազդեցությունը թերևս միշտ կա, և Վրաստանի խնդիրն այն է, որ վարելով Ռուսաստանից խուսափողական քաղաքականություն, առաջացնում է նաև նրա զայրույթը։ Ամենալավ օրինակը 2008թ. ռուս-վրացական պատերազմն էր։ Այս իմաստով Վրաստանն էլ, հակառակ այն բանի, որ ունի բավական նպաստավոր աշխարհագրական դիրք, արևմտամետ կողմնորոշման պատճառով միշտ կոնֆլիկտի մեջ է հայտնվում Ռուսաստանի հետ։

***

Վերջապես՝ հնարավո՞ր է, որ տարածաշրջանը գործակցության եզրով կարողանա ինքնաբավ լինել, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։ Թերևս՝ ոչ։ Բայց պետք է նկատի ունենալ այն, որ այս երեք պետությունները կարող են գոնե ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել՝ այս կամ այն պետության ստվերի տակ մնալու փոխարեն։

Պատրաստել է Սյուզաննա Հովհաննիսյանը

Մեկնաբանել