Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օրն է

HRDԴեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը (Human Rights Day): Այն հռչակվել է 1950թ. և նշանավորում է 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը:

Վերջին տասնամյակում յուրաքանչյուր տարի Մարդու իրավունքների օրն անցկացվում է որոշակի կարգախոսով: 2014թ․ կարգախոս է ընտրվել «Մարդու իրավունքներ 365»-ը։ Այն մարմնավորում է գաղափարը, որ յուրաքանչյուր օր մարդու իրվունքների օր է։ 2013թ. օրն անցկացվել էր «Պայքարի 20 տարի` ձեր իրավունքների համար» կարգախոսով:

Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Հայաստանում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում ժամը 10։30-13։00-ն կանցկացնի հանրային քննարկում՝ «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» թեմայով:

Ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», կանցկացնեն հանրահավաք-երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակում ժամը 13։00-ին։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում ժամը 14։00-17։30-ը հրավիրել է «HuRiCamp չկոնֆերանս», որի օրակարգը կձևավորվի տեղում՝ մասնակիցների կողմից։

ՍիվիլՆեթն այս բոլոր միջոցառումները կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ։

Մեկնաբանել