Հովիկ Աբրահամյան. խնամու անկումը

Հացը տեսադաշտ է. Հովիկ Աբրահամյանը սա կհաստատի: Հացը տեսադաշտ է միայն խնամու հանգույն: Խնամուց դուրս ես էլ, Հովիկ Աբրահամյանն էլ նույն մուրացկանն ենք: Հացը թելադրում է, թե ով իմ ուղղությամբ կարող է տնկել մատը և ասել՝ դու խնամի չունես: Միայն դրանից հետո ես ազատություն կունենամ ի տես բոլորի լսել Կարեն Ավագյանին, Արմեն Աշոտյանին կամ Սամվել Ֆարմանյանին: Միայն դրանից հետո ես ինքս կկանգնեմ և կասեմ՝ ես նրան՝ Գագիկ Ծառուկյանին, չեմ ճանաչում:

Հացը «իմաստ» ունի, եթե ես չգիտեմ սոված մնալ: Եթե գիտեմ, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը կամ Սամվել Ֆարմանյանը այլևս չեն նայելու իմ աչքերի մեջ: Այսինքն, պիտի պատասխան տան: Այլապես որդիս չկա, ՀՀԿ նիստում ես ուրացա նրան: Կա՛մ բոլորը պիտի պատասխան տան, կա՛մ ես իմ որդու «պահակը չեմ»: Ես Սերժ Սարգսյանի էթիկայի զգացման հետ կռիվ չունեմ, նա իմ մասին ամեն ինչ գիտի, նա, ի վերջո, մատը տնկել է իմ ուղղությամբ և ասել՝ դու խնամի չունես: Ես էլ գիտեմ, որ հրապարակային էկզեկուցիան այդ մարդու տարերքն է, ինչ-որ իմաստով մենք էկզեկուցիայի նույն դպրոցի ներկայացուցիչն ենք, մենք Մարտի 1-ին տասը հոգի ենք սպանել: Բայց էկզեկուցիան մանկական փիլիսոփայություն չէ, թեպետ կիրառումը լրիվ մանկական է՝ էկզեկուցիայից առաջ ամբողջ աշխարհում հաց են ցույց տալիս և ասում՝ գործի անցիր: Այդպես աշխատում են ստրուկի հետ: Այդպես կրկեսում վարժեցնում են կապիկին ու առյուծին: Բայց նույնիսկ առյուծը հաշվետու է իր բնազդներին:

Լավ, ես էլ՝ Հովիկ Աբրահամյանս, և Գագիկ Ծառուկյանն էլ գիտենք, որ իշխանության համար ենք կռվում, մենք երկուսս էլ ոչ ստանդարտ՝ ոչ մի կրթություն չստացած քաղաքական գործիչներ ենք, բայց եթե Արմեն Աշոտյանի կամ Սամվել Ֆարմանյանի նման կրթվածների հայհոյանքներն ու վիրավորանքներն իմ մասին չեն, ո՞վ ասաց, որ ինքս ինձ չեմ կոփել այդ ամենի համար, որպեսզի դրանք իմ մասին չլինեն: Ի վերջո ի՞նչը ինձ խնամիացրեց Գագիկ Ծառուկյանին, ինչու իմ որդին չընտրեց սովահար մի աղջկա Վարդենիսի ետնախորշերից: Նշանակում է, միայն նրանց դղրդացնող սերը մեզ՝ խնամիներիս, կարող է հարազատացնել այս իրավիճակին, որում մենք դեռևս հայրեր ենք, ոչ թե՝ հաշվիչ մեքենա։ Եվ քանի դեռ ես՝ Հովիկ Աբրահամյանս, հայր եմ, կարո՞ղ էի վեր կենալ ու փախչել ՀՀԿ նիստից, կարո՞ղ էի խնդրել, որ ինձ գործուղեին, ասենք, Կանադա, միայն թե չլսեի այն ամենը, ինչ ասացին իմ խնամու մասին այդ երեք «քաջարի» երիտասարդները: Բայց ու՞մ խնդրեի՝ նրա՞ն, ով մատը տնկել էր ինձ վրա և ասել՝ դու խնամի չունես, «քաջարի» երիտասարդների՞ն խնդրեի, որոնք, ըստ էության, նաև իմ մասին էին խոսում: Ում խնդրեի, եթե հայր լինելու իմ իրացումը չէ նրանց տեսադաշտը և ոչ էլ իրենք։ Խնդրել չէի կարող, որովհետև ինքս ինձ կոփել եմ մի իշխանության համար, որտեղ ես հաց բաժանողն եմ, որտեղ մարդիկ են նայում իմ ձեռքին, որտեղ նույնիսկ Գագիկ Ծառուկյանին կարող եմ ներքաշել իմ «ողորմածության» դաշտ ու քցել նրան: Ահա թե ինչու երեք «քաջարի» երիտասարդներն այդքան անխռով ինձանից ստացան այն, ինչը ես չկարողացա ստանալ Գագիկ Ծառուկյանից:

Իսկ ճշմարտությունն այն է, որ իշխանությունը միայն հաց շնորհելու իրավունքը չէ, դա Ծառուկյանն անում էր նաև առանց իշխանության։ Ճշմարտությունն այն է, որ երբ գյուղից գալիս էի քաղաք, որպես «ինտելեկտուալ» պաշար ես միայն այդ երեք «քաջարի» երիտասարդների «դուխն» ունեի, և հիմա նրանք հատկապես իմ զուլալ երիտասարդության արտապատկերն են: Ճշմարտությունն այն է, որ խնամիությունն անգին է մինչև ՀՀԿ-ի մարագը, որտեղ գին են սահմանում: Ճշմարտությունն այն է, որ ես մակերեսի գործիչ եմ, իսկ մակերեսին քաղաքականություն չկա: Ճշմարտությունն այն է, որ «Դանեմարքը բանտ է», եթե ինձ ցույց են տվել հացը և հրահանգել ծամել այն կույր կոկորդով։ Ճշմարտությունն այն է, որ հացը տեսադաշտ է որպես ընդգրկելիք ուրացում։ Ճշմարտությունն այն է, որ ես դուրս եմ շպրտված իմ ներաշխարհից, որտեղ ես փայփայել եմ միայն սև օրվա իմ անձը հանուն ՀՀԿ ընդլայնված նիստում պարզերես երևալու։ Ճշմարտությունն այն է, որ խնամու իմ անկումը ևս խնամել եմ մի բնազդով, որով այսօր խնամում եմ «քաջարի» երիտասարդների հետ նույն հացը կիսելու «խոհեմությունը»։ Որովհետև նրան, ում վիրավորում են «քաջարի» երիտասարդներն ու աննկուն ծերունիները ՀՀԿ ընդլայնված նիստում, իմ որդու սիրեցյալի հայրն է, գրողը տանի։

Մեկնաբանել