Հանուն Հայաստանի Հանրապետության փոխարեն, հանուն Սերժ Սարգսյանի

Այսօր պետք է խոսել Բաղրամյան-26-ի մակարդակով իրականացված մի «մետաֆիզիկական» հանցագործության մեխանիզմների մասին։ Մինչև սահմանադրական բարեփոխումների փաթեթը շրջանառության մեջ դնելը Սերժ Սարգսյանը և նրա թիմն աշխատել է քաղաքացու ոչնչացման ուղղությամբ։ Իրենք ամեն օր ցույց են տվել, որ օրենքը չի աշխատում և թույլ չեն տալու՝ աշխատի, որ, ասենք, մուրացիկին «դու հլը չես սատկե՞լ» ասող փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին ոչինչ չի սպառնում և այսուհետև ևս կարող է ասել մտքով անցածը, որ մարտի 1-ի մարդասպանները պետք է մնան անպատիժ, որ հարկատուն պետք է պահի ԿԳԲ-շնիկ մամուլի քարտուղարի, որը հավաքագրումներով է զբաղվել ու սպառնացել ընդդիմացողներին և դեռ հպարտանում է դրա համար։

Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն ավարտել է ՀՀ քաղաքացուն ոչնչացնելու գործընթացը, բայց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Ոչ թալանին»-ի տղաներին իրենով անելուց հետո հասկացավ, որ դիմադրության կազմակերպված օջախներ չկան։ Հիմա արդեն իրենից դժգոհողներին ինքը պետք է ուղղորդի «պայքարի» այլ դաշտ։ Այդ դաշտում «շունը» տիրոջը չպետք է ճանաչի։ Հենց սրան են նրանք եվրոպացիների մոտ ասում «խոսքի ազատություն»։

«Պայքարի» այլ դաշտը սահմանադրական բարեփոխումներն են։ Դժվարն այս ընթացքում հենց երկիրը դեպի բարեփոխումների «քննարկում» բերելն էր։ Սերժ Սարգսյանը երկու խոշոր խոչընդոտ հաղթահարեց՝ եռյակի ԲՀԿ-ն և «Ոչ թալանին» շարժումը։ Հաղթահարելուց, հասարակությունը, գիտեք, ավելի հնազանդ չդարձավ։ Ավելին, հասարակությունն ավելի ագրեսիվ է դարձել։ Սերժ Սարգսյանի կատարած հանցագործությունը հասարակության ագրեսիայի էներգիան ուղղորդելն է։ Ինքը չի փորձել և չի փորձելու հանգստացնել մարդկանց։ Գիտի էլ, որ չի կարող։ Բայց կարող է այնպես անել, որ ագրեսիվ հայը, որն արդեն գրեթե քաղաքացու «տվյալներ» չունի, կաշխատի իր մտահղացումների օգտին ինչ և ինչպես էլ մտածի։ Չէ՞ որ այս ամբողջ գործընթացն սկսելիս Սերժ Սարգսյանը ոչնչացրել է Սահմանադրությունը մարտի 1-ով, քրեական հանցագործներին բերել է պետական իշխանության, հետո ասել է այնքան դասական «միտքը» քաղաքական գործչի՝ Գագիկ Ծառուկյանի մասին. «Ինքն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել»։ Եվ ԲՀԿ-ից ոչ մեկի աչքը չթարթվեց, որ ասի՝ եղբայր, եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը «Սանիտեք»-ի աղբահավաք էլ լիներ, ինքը, ինչպես գեներալ Մանվելը, ինչպես Ալեքսանյան Սամվելը և ինչպես Ալեքսանդր Սարգսյանը, իրավունք ուներ, ունի և ունենալու է զբաղվել քաղաքականությամբ։

Բայց հիմա Ծառուկյանի համար դրա ժամանակը չէ։ Հիմա ընդհանրապես Ծառուկյանը թեմա չէ։ Բայց դրանով ՀՀԿ ղեկավարն ուղղակի ոչնչացրեց գործող Սահմանադրությունը։ Ամենավերին մակարդակով։ Մարդիկ չքննարկեցին էլ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տվեց։ Չքննարկեցին, որովհետև գործող Սահմանադրություն արդեն չկար։ Բայց ագրեսիան մնաց։ Այդ ագրեսիան արդեն ամեն ինչի վրա է տարածվում։ Թող ագրեսիվ լինեն,- մտածում է իշխանությունը,- միայն թե քաղաքացի չլինեն։ Էս ագրեսիան ինքը ուղղորդելու է այն ամենի դեմ, ինչը խանգարում է նրան՝ ընդդիմությունը, գործող Սահմանադրությունը, հարկ եղած դեպքում՝ ՀՀԿ ավագանին, на худой конец՝ Արմեն Աշոտյանը։ Միայն թե քաղաքացի չլինեն։

Հիշեք, այս ընթացքում, մինչև բարեփոխումների հանրաքվեն, Սերժ Սարգսյանը ոչ մի կտրուկ շարժում չի անելու, ոչ մի թանկացում, համենայնդեպս, գրպանի համար խիստ շոշափելի, տեքստից դուրս ոչ մի խոսք, որը կարող է մարդկանց փողոց դուրս բերել։ Մինչև հանրաքվեն ինքն ընդհանրապես փոշիանալու է, որպեսզի մարդկանց չհիշեցնի, որ բարեփոխումներն իր համար են արվում, ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության։ Հանրաքվեից հետո արդեն անիմաստ կլինի խոսել «Հանուն Հայաստանի Հանրապետության» մասին։ Բոլոր իրավական և քաղաքական գործընթացների հիմքում կլինի հանուն Սերժ Սարգսյանի տրամաբանությունը։ Մինչև հանրաքվեն այդ մարդը, այսպես ասենք, «գոյություն» էլ չի ունենա, սոսկ պաշտոնական ընդունելություններ, այցելություններ, ասենք, ֆերմերներին, որոնք հրաշալի բերք են ստացել։

Բացառված չէ այս ընթացքում օրենքի որևէ նախագծով ընդառաջեն, ասենք, արագաչափերի ընդդիմադիրներին։ Սակայն իշխանությունն այս ընթացքում չի անելու մի խոշոր հանցագործություն, որ հիշենք իրեն։ Փոխարենը ինքը փեսայի լրատվամիջոցներով անընդհատ հիշեցնելու է մեր պարտությունները՝ փետրվարի 17-ը, «Ոչ թալանին» շարժումը, հիշեցնելու է, որ Երանոսյան Լևոնը ձիու վրա է, իսկ Սուրիկ Խաչատրյանը, բացառված չէ, որ գրքի կամ ատենախոսության տպագրություն ֆինանսավորի։ Դաշտը տրամադրվելու է բարեփոխումների կողմնակիցներին ու հակառակորդներին, որոնք, բնականաբար, փողոցում չէ, որ կոկորդ պիտի պատռեն, այլ լսարաններում։ Հակառակորդները չեն մոռանալու ասել, որ փաթեթում լավ հոդվածներ կան, բայց ամբողջության մեջ այն անընդունելի է։ Իսկ լսարանների համար, որտեղ հնչելու է «բանավեճը», կա Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Հոլդինգը» [որի «տունը», հիշում եք, Ամերիկայում է], որը կարգավորելու է, մասնավորապես, «դեմ»-ի հրապարակայնության դոզան։ Այս ամբողջը արվելու է ՀՀ քաղաքացու համար, քանի որ Սերժ Սարգսյանի մտահղացումների միակ ընդդիմադիրը Հայաստանում է։ Դրսում ինքն ունի միայն «համախոհներ», որոնք դեռ մինչև վերջ չեն ասել, թե ինչ են պահանջելու նրանից բազմաթիվ մանր ծառայությունների համար։

Մեկնաբանել