1921-ի այս օրը ինչու ենք թուրքերից օգնություն խնդրել

turkey-armenia borderՀայոց պատմության վերջին 100-ամյա պատմության մոռացվող դրվագներից մեկը՝ ընդդեմ բոլշևիկների թուրքերից օգնություն հայցելու հայերի դիմումն է: Քաղաքական գործիչները կամ բոլոր նրանք, ովքեր ձգտում են «հարվածել» ՀՅԴ-ին, ժամանակ առ ժամանակ հիշեցնում են այս դրվագը:

ՀՅԴ որոշ գործիչներ, լավ տեղյակ չլինելով պատմական անցքերին, ի պատասխան բացատրում են, որ Սիմոն Վրացյանը ուղղակի սխալ քայլ է կատարել: Իրականում ի՞նչպես է դա եղել: Արդյոք հայերը, ՀՅԴ-ն կամ Հայրենիքի փրկության կոմիտեն, օգնություն խնդրել ե՞ն ջարդարար թուրքերից:

Մինչ ներքոշարադրյալը կարդալը հիշեցնենք, որ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին բոլշևիկ-քեմալական համագործակցության արդյունքում Բաքվից Երևան հասած բոլշևիկյան Հայհեղկոմը ՀՅԴ-ից ստացավ իշխանությունը առանց կրակոցի: 1921-ի փետրվարին ՀՅԴ-ն տապալեց Հայհեղկոմին և Հայաստանը ղեկավարեց մինչև ապրիլի 2-ը, սակայն անզոր էր դիմադրել ռուս բոլշևիկներին, որոնք խորհրդայնացրել էին Ադրբեջանն ու Վրաստանը:

1921թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալվում են 200-ից ավելի դաշնակցականներ, և այս դեպքը եղավ վերջին կաթիլը, որից հետո պայթեց ժողովրդական զայրույթը: Կոտայքի Զար գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որոշվում է հեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ է նշանակվում անկուսակցական սպա Կուռո Թարխանյանը, ով մի քանի ամիս առաջ Դրոյի կողքին Իգդիր-Մարգարա հատվածում մարտնչել էր թուրքական ուժերի դեմ:

Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին Երևանը, Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե, Հեղկոմը հեռացավ Արտաշատ-Վեդիի շրջան: Վրացյանը գրում է. «Իրար հետևից սկսեցին գալ շնորհավորելու օտար պետությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, բուռն ուրախություն էր արտահայտում Անկարայի ներկայացուցիչ Բեհաեդդինը, որը շտապել էր առաջինը շնորհավորել և շատ վշտացած էր երևում, որ իրենից առաջ արդեն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհավորել էին»:

Աբրահամ Գյուլխանդանյանի խոսքերով, նոր կառավարությունը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկվա, Թեհրան, Անկարա և Թի‎ֆ‎լիս` հաղորդելով Հայաստանում հեղաշրջման մասին: Ղամարլուի ճակատի հրամանատար խմբապետ Սմբատն առաջիններից էր, որ ապստամբության ընթացքում առաջարկեց օգնություն խնդրել թուրքերից:

Վրացյանի խոսքերով` «Այդ հարցը զբաղեցնում էր և ուրիշների մտքերը, նույնիսկ Քաջազնունու նման զգաստ մարդկանց` այնքան ատելություն կար դեպի Հեղկոմի իշխանությունն ու բոլշևիզմն առհասարակ»:

Փետրվարի 18-ից Քաջազնունին մասնակցեց Հայրենիքի փրկության կոմիտեի բոլոր աշխատանքներին: Այնպիսի պատասխանատու քայլեր, որպիսին էին բանակցությունները թուրքերի հետ կամ Չիչերինին տրված հեռագիրը, որով Ալեքսանդր Բեկզադյանը հայտարարվում էր լիազորությունից զուրկ Հայաստանի կողմից թուրք-բոլշևիկյան խորհրդաժողովին մասնակցելու, եղել են Քաջազնունու անմիջական մասնակցությամբ: Նա ստանձնել էր և Անկարա գնալիք հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

1921թ. փետրվարին Քաջազնունին, ինչպես գրում է Վրացյանը, այսպես էր մտածում. «Բոլշևիզմի դեմ կռվելու և ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ, որ հակառակ է մեր և թուրքերի միջև բարյացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ և բարեկամական կացություն մեր հարևան Թուրքիայի հետ»:

Վրացյանի խոսքերով` Հայրենիքի փրկության կոմիտեն ձգտում էր «նոր հիմքերի վրա դնել հայ-թուրքական հարաբերությունները և փոխադարձ համաձայնությամբ, թեկուզ զիջումներով, լուծել սահմանային վեճը», քանի որ կյանքի փորձը ցույց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյության համար «ամենից առաջ անհրաժեշտ է թուրքական բարյացակամությունը»:

«Ապստամբությունից առաջ Երևանի թուրք հյուպատոսը վստահեցրել էր, որ Թուրքիան խիստ չեզոքություն կպահպանի: Նույնիսկ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի թուրքերին հրահանգել էր մնալ չեզոք և չկռվել հայերի դեմ: Երևանի թուրքերը բարեկամական տրամադրություն էին ցույց տալիս: Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որևէ պատրվակով մտնել Երևան: Մենք աշխատում էինք ամեն կերպ ցույց տալ մեր բարեկամությունը թուրքերին և նրանց ներշնչել հավատ դեպի մեզ: Նույնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինվորական օգնություն բոլշևիկների դեմ: Այդ նպատակով հատուկ սպա ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարության մոտ: Մենք գիտեինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը և ներշնչել վստահություն դեպի մեզ: Պետք է մեկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է»:

Խորհրդահայ պատմաբանները այլ կերպ են ներկայացնում: Երևանում քեմալականների ներկայացուցիչ Բեհաեդդինին հասցեագրած նամակում Վրացյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունից խնդրում է. առաջին` ռազմաճակատում գտնվող հայ գերիներին վերադարձնել Երևան, երկրորդ` որոշակի պայմանով հայկական բանակի համար տալ ռազմամթերք, երրորդ` հաղորդել, թե Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավո՞ր է համարում Հայաստանին զինվորական օժանդակություն հասցնել, եթե կարող է` ինչ չափով և եղանակով:

Շիրակի նահանգապետ Կարո Սասունու խոսքերով՝ «Հայաստանի նոր կառավարությունը բարեկամական հարաբերության մեջ մնաց Թուրքիայի հետ: Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը և հնարավոր խոհեմությունը գործադրում` գոնե ժամանակավորապես Թուրքիան հանդարտ պահելու: Կոմիտեն իր մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զորքեր, բացի նրանից ռազմամթերք խնդրելուց: Եթե ստանար, շատ լավ կլիներ»:

Խորհրդային Հայաստանի արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը Արևելյան ճակատի հրամանատար Կարաբեքիրին հղած նոտայում գրում էր. «Կապիտան Բեհաէդդինը մի քանի անգամ մեկնել է ռազմաճակատ, քաջալերել Հայրենիքի փրկության կոմիտեի զորքերին, իսկ Երևանում ողջունել կոմիտեի իշխանությունը և նրանց խոստացել օգնություն»:

Ահա այսպիսին է պատմությունը:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել