Ինչու է Հայաստանը հետևողականորեն լցվում «բանդաներով»

Տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել: Էրեբունիի ՊՊԾն գրոհածները Սերժ Սարգսյանի իշխանության մեջ «վխտացող» առաջին «բանդան» չեն: ԱԱԾ-ն տեղյակ էր այս գրոհից: Որովհետև ԱԱԾ-ն տեղյակ է եղել այս պետության բոլոր խոշորամասշտաբ հանցագործություններից: Եվ կանխված, և չկանխված: Հետևաբար, թող չասեն, թե մի խումբ ռոմանտիկներ էին, մարդ են սպանել, իրավունք ունենք վնասազերծելու: Կես տարի նստել էին Արթուր Վարդանյանի խմբի «վզին», գիտեին զենքի ամբողջ տեղաշարժը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ վնասազերծեցին: Հոկտեմբերի 27-ը չվնասազերծեցին, թեպետ էլի տեղյակ էին: Որովհետև թիրախը իրենք չէին: Թեպետ էլի տեղյակ էին: Այն ժամանակ Վազգեն Մանուկյանը ոգևորված էր 9 հոգու սպանությամբ, որովհետև ընդդիմություն էր, այս անգամ ոգևորված չէ, որովհետև ընդդիմություն չէ:

Այս անգամ իշխանությունն այս ճանապարհով է հասարակությանը ցույց տալիս, որ Սերժ Սարգսյանի դիրքերն ամուր են: Համատարած ձերբակալություններն այդ մասին են՝ նույնիսկ եռագույն դրոշով փողոցում կանգնածը պետք է ձերբակալվի: Պետությունը բանդայի ձեռքում է, և այդ բանդան գրեթե յուրաքանչյուրիս տանն է: Նորք Մարաշի տղաները նույնը չէի՞ն ուզում անել՝ ձերբակալվեցին: Ժիրայր Սեֆիլյանն էլ կարծես թե նման պլաններ ուներ, չէ՞: Ձերբակալվեց: Հոկտեմբերի 27-ից հո՞ տեղյակ էին:

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հանդեպ ատելությունը տիեզերական այնպիսի չափեր է ընդունել, որ այդ տղաները գուցե ոչ միայն նահատակի, այլև սրբի տեղ էլ անցնեն: Մինչդեռ մարդ են սպանել: Ուշադիր եղեք՝ շատ զուսպ համակրանք կա այս տղաների հանդեպ: Զուսպ, որովհետև, այնուամենայնիվ, արյուն է թափվել: Ըստ էության անմեղ արյուն: Սակայն՝ համակրանքով, որովհետև այլևս առանց Սերժ Սարգսյանի և իր իշխանության արյունը թափելու գրեթե ոչ ոք չի պատկերացնում այս մարդկանց հեռացնելը: Մինչդեռ այսօր սպանվել է մարդ, որը գուցե դիմադրել է, ոչ թե՝ հարձակվել: Ինչու՞ է Հայաստանը հետևողականորեն լցվում «բանդաներով»: Որովհետև քաղաքական ուժերը «խոսք» չունեն, խոսափող չունեն: Հանրապետականն ու Սերժ Սարգսյանն ուզուրպացրել են «դեմոկրատիայի» և նույնիսկ ինքնաարտահայտման բոլոր ծակուծուկերը: Ե՛վ Պավել Մանուկյանի, և՛ նրա տղաների հանցանքի համար դատարանի առաջ պետք է կանգնի ամբողջ Հանրապետականը:

Այս տղաների արարքը ողջունելի չէ, այնտեղ կան ահաբեկչական տարրեր: Սակայն քաղաքական խոսքի մեկուսացման պայմաններում այսպիսի վարքը անխուսափելի է, անկախ դրանից՝ դա ինքնաբուխ է, թե՝ կազմակերպված հենց իշխանության ձեռամբ: Երկու դեպքում էլ արարքում ճչում է քաղաքական խոսքի բացակայությունը: Ի վերջո, ո՞րն է լինելու այս տղաներին ուղղված մեղադրանքը՝ այն, որ պետության մեջ այսպես հարցեր չեն լուծում: Իրենք դա պիտի որ իմանան, դուք՝ Սերժ Սարգսյանդ և ՀՀԿ-ականներդ իմացեք: Պետության մեջ ահաբեկչությունը լինում է միայն դրսից թելադրված: Ուրեմն դու ինչ օրի ես հասցրել այս երկիրը, որ դուրսը կարողանում է Հայաստանի քաղաքացի տղաներին ստիպել զինված դուրս գալ Հայաստանի քաղաքացի տղաների դեմ: Դուք՝ ՀՀԿ-ականներդ, անկախ այս արարքի շարունակությունից, պիտի պատասխան տաք տեղի ունեցածի համար: Դրսի համար ի՞նչ այս տղաների կյանքը: Նրանք միայն «զինվորիկներ» են, ընդ որում առանց խոսքի կշռի զինվորիկներ: Բայց հենց խոսքի բացակայության պայմաններում են «մարսվում» նման գործողությունները:

Այսօր ըմբռնման օր չէ, ընկերներ: Եվ տեղի ունեցածով ոգևորվելու օր էլ չէ: Պետք է ի գիտություն ընդունել, որ հայ մարդու «քաղաքական» խոսքը սա է՝ զենք վերցնելը: Ու պետք է ստեղծել մի Հայաստան, որ պետության ներսում բացառվի զենք վերցնելու մասին նույնիսկ պատի տակ կայացված պայմանավորվածությունը: Այսինքն, պետք է բացառվի այն իշխանությունը, որը իր գոյության համար կգտնի զենք վերցնելու պատրաստ տղաների: Որովհետև նրանք այսպես թե այնպես պետության համար վտանգավոր են: Այս տղաներն այսօր գուցե իրենց կամքից անկախ աշխուժացրել են իշխանությանը, ստիպել են համախմբվել, գուցե չեն էլ մտածել այս մասին: Գուցե իշխանությունն ի սկզբանե գիտեր նրանց քայլերը և կարողացել է հենց սկզբից կազմակերպվել և թույլ չտալ համազգային համախմբվածություն, համենայնդեպս ամբողջ պետությունով մեկ տեղի ունեցող ձերբակալություններն այդ մասին են: Բոլոր առումներով Սերժ Սարգսյանը զրոյացրել է Հայաստանի Հանրապետությունը: Սակայն հենց այսպիսի Հայաստանն է, որ բացարձակապես որևէ պոտենցիալ չունի դիմակայելու Ղարաբաղի հարցով անցանկալի հանգուցալուծումներին, այսպիսի Հայաստանն է, որը խոցելի է դարձել օտար պետությունների մտմտած փոքրիկ դավադրությունների համար: Այսպիսի Հայաստանն է, որ իր անզորությունը նույնացրել է Սերժ Սարգսյանի ամենազորության հետ և մտքով էլ չի անցկացնում, որ նրա մեղքը ամենավերջում է: Մենք այս պետության դեմ մեր գրեթե բոլոր մեղքերն արդեն գործել ենք:

Մեկնաբանել