Դատարանն անփոփոխ թողեց Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը

garegin chugaszyanՎերաքննիչ դատարանը օգոստոսի 22-ին մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, 2015թ․ ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։

Գարեգին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների հետ միասին ձերբակալվել էր 2015թ․ ապրիլի 7-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը զանգվածային անկարգությունների նախապատրաստության կասկածանքով։ Ապրիլի 9-ին դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք էր սահմանել նրանց նկատմամբ։ Մոտ մեկ ամիս անց խափանման միջոց կալանավորումը փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, և «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ազատ էին արձակվել։

Չուգասզյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 22-ին, Քննչական գլխավոր վարչությունը առավոտյան ժամը 10-ին ծանուցագիր էր ուղարկել, որ Չուգասզյանին հրավիրեն հարցաքննության անցյալ տարվա գործի հետ կապված։ Նա նշեց, որ ոստիկաններն այդ ծանուցագրով գնացել էին նրա բնակարան, տեսել, որ նա այնտեղ չէ, կազմել էին արձանագրություն, քննիչը անհապաղ որոշում էր կայացրել՝ բերման ենթարկելու Չուգասզյանին և մոտավորապես 5-6 ժամ հետո դիմել էր դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ և դատարանը բավարարել էր։ Զաքարյանը տեղեկացրեց, որ այսօր բողոքարկել է հենց այդ որոշումը։

Փաստաբանի խոսքով՝ այսպիսով ստեղծվում է «վտանգավոր նախադեպ, որ եթե անձը, ում նկատմամբ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, մի քանի ժամով իր տանից բացակայի, ապա մեծ հավանականությամբ կհայտնվի կալանքի տակ»։

Արա Զաքարյանն ասաց, որ խափանման միջոց կալանավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Չուգասզյանը փոխել է իր բանկության վայրը՝ առանց վարույթ իրականացնող մարմնին տեղյակ պահելու։

Գարեգին Չուգասզյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո ընդհատակ է անցել։ Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Մեկնաբանել