Երկրաշարժ Իտալիայի կենտրոնում, կան զոհեր

_90894802_034931414-1Օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Պերուջա քաղաքից հարավ-արևելք, 6․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հաղորդում է BBC-ն, վկայակոչելով Իտալիայի իշխանությունները, զոհվել է ավելի քան 10 մարդ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրքաղաք Հռոմում։ La Repubblica պարբերականը հաղորդում է, որ Հռոմում 20 վայրկյանի ընթացքում ցնցվել են շենքեր։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 3։36-ին։

Առավել մեծ ավերածությունների է ենթարկվել Ամատրիչե քաղաքը։ Քաղաքապետ Սերջիո Պերոցին տեղի ռադիոկայանին հաղորդել է, որ երկրաշարժի հետևանքով քաղաքը մնացել է առանց էլեկտրականության։ Պերոցիի խոսքով՝ «քաղաքի կեսն ավերվել է»։

«Դեպի քաղաք ճանապարհները արգելափակված են փլատակներով։ Մարդիկ գտնվում են փլատակների տակ։ Տեղի է ունեցել սողանք, և կարող է փլվել կամուրջը»,- ասել է նա RAI ռադիոկայանին տված հարցազրույցում։

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը երկրաշարժն անվանել է ավերիչ։

Մեկնաբանել