Վանաձորում քաղաքական երեք ուժերը միավորվեցին՝ ընդդեմ ՀՀԿ-ի

Վանաձորում այսօր քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որով նրանք Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Երեք կուսակցությունները Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար կսատարեն «Հայկական վերածնունդ», իսկ քաղաքապետի տեղակալի պաշտոնի համար՝ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին։

Այս երեք կուսակցությունները հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում գրավել էին համապատասխանաբար 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը՝ մտնելով քաղաքի ավագանի։ Ընտրությունների արդյունքներով Վանաձորի ավագանում «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10, «Հայկական վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 մանդատ։ Իշխող Հանրապետական կուսակցությունը ստացել է 13 մանդատ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երեք կուսակցությունների ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:

Երեք կուսակցությունները հուշագրով պարտավորվել են «Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին (ընդհանուր թվով` 18 մանդատ)»։

«ՏԻՄ մակարդակում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պարտավորվում համատեղ ջանքերով գործել հանուն Վանաձորի զարգացման»,- նշված է հաղորդագրությունում։

Վանաձորի քաղաքապետի ընտրությունը ավագանու անդամների կողմից կլինի հաջորդ շաբաթ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։

Մեկնաբանել