«Հաց բերողը» հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» խմբին հաց հասցրած, 6 ամիս կալանքի տակ գտնվող և 13 օր առաջ ազատություն վերադարձած (Խափանման միջոց կալանքը փոխվել է վերահսկող դատախազի որոշմամբ) Արթուր Սարգսյանը «Հետքի» հետ զրույց է ունեցել և հայտարարություն է տարածել։

«Հարգելի ընկերներ, բարեկամներ…

Ցավով տեղեկացա իմ պաշտպանության հարցի վերաբերյալ վերջին շրջանում բարձրացված աղմուկի մասին և այդ ամենին իմ ընտանիքի անդամների ներգրավման մասին:

Նախ անհրաժեշտ եմ համարում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված և անհանգստացած են ինձ համար և իմ գործով և փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել: Սակայն մի բան պետք է հստակեցվի: Իմ պաշտպանությունը իրականացնում են իմ կողմից ընտրված պաշտպանները, որոնց պրոֆեսիոնալիզմը և աշխատանքի որակը ինձ մոտ կասկած չի առաջացնում:

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգնել ինձ և օժանդակել իմ գործին, նախ և առաջ խնդրում եմ բոլոր մտահոգությունները և հարցերը քննարկել և համաձայնեցնել իմ պաշտպանների հետ գործին չվնասելու նպատակով, քանի որ իմ պաշտպանների ձեռնարկած գործողությունները համաձայնեցված են ինձ հետ: Խնդրում եմ առանց վերջիններիս հետ համաձայնեցնելու չձեռնարկել որևէ գործողություն, քանի որ դա կարող է լրջորեն վնասել իմ պաշտպանությանը և դրա շրջանակներում ըստ անհրաժեշտության ընտրվող և իրականացվող մարտավարությանը:

Ինչ վերաբերում է իմ ազգականներին, ապա հաշվի առնելով այն, որ պաշտպանների գործողությունները համաձայնեցված են ինձ հետ, ձեզ ևս խնդրում եմ բոլոր հարցերը և գործողությունները համաձայնեցնել պաշտպաններիս հետ գործին չվնասելու նպատակով: Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվում ինչ-որ ժամանակահատվածում կապվել նրանց հետ, դա չի նշանակում, որ թույլատրելի է առանց նրանց հետ համաձայնեցնելու որևէ գործողության դիմել, դա հակասում է իմ շահերին և ցանկությանը:

Ինչ վերաբերում է «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամին, ապա համոզված լինելով, որ դրա ներկայացուցիչների գործողությունների նպատակը ինձ վերաբերող հարցում ևս իմ առողջական և իրավական շահերով ազնիվ մտահոգությունն է, խնդրում եմ հետայսու ձեռնպահ մնալ նմանօրինակ նախաձեռնություններից, քանի որ դրանք ուղղակիորեն վերաբերում են իմ շահերին և պահանջում եմ, որպեսզի ձեր բոլոր գործողությունները համաձայնեցվեն իմ և իմ պաշտպանների հետ, նույնիսկ եթե իմ ազգականներն են դիմում ձեզ, այն պարզ պատճառով, որ ինձ վերաբերող հարցերով որոշում կայացնողը նախ ես եմ և իմ համաձայնությամբ իմ պաշտպանները:

Վերջերս մամուլով և այլ տեղեկատվական միջոցներով իմ անվան հետ կապված և իմ անունից որոշակի տեղեկություններ են հրապարակվում` խնդրանք հորդորս առ այն, որ որևէ այլ անձ իրավասու չէ և լիազորված չէ իմ անունից և ինձ վերաբերող իմ և պաշտպաններիս հետ չհամաձայնեցված գործողություններ ձեռնարկելու և հրապարակումներ անելու: Միևնույն ժամանակ ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հասարակական և քաղաքացիական ակտիվության և քրեական դատավարության շատ զգայուն ընթացակարգերի առանձնահատկությունների և տարբերությունների վրա, ինչպես նաև դրանք չընկալելու կործանարար հետևանքների վրա և խնդրում եմ դրանք չփորձել և չմիջամտել և չխանգարել իմ շահերի պաշտպանության հարցերին և չփորձել հանդես գալ իմ անունից շահերի պաշտպանությամբ իմ և իմ կողմից ընտրված պաշտպանների միջև, քանի որ դա շատ վտանգավոր և ոչ անհրաժեշտ մի գործողություն է և անհասկանալի են դրա շարժառիթները այն պարագայում, երբ ես որևէ տարաձայնություն չունեմ պաշտպաններիս հետ:

Հատկապես անընդունելի եմ համարում իմ պաշտպանների հեղինակության և մասնագիտական հմտությունների վերաբերյալ մակերեսային և անորակ աղմուկի հրահրումը: Հատկապես այն պարագայում, երբ պաշտպաններիս անշահախնդիր և քրտնաջան աշխատանքի պարագայում փորձ է արվում ցեխ շպրտել և նսեմացնել նրանց աշխատանքը: Ուստի խնդրում եմ դրսևորել զսպվածություն և հարգանք իմ, պաշտպաններիս և իմ շահերի պաշտպանության նկատմամբ:

Իմ շահերի պաշտպանության շրջանակներում պաշտպաններս դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ինչպես հայտնի է միայն այդ դիմումից հետո են ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և այժմ սպասում ենք ՀՀ կառավարության պաշտոնական արձագանքին ՄԻԵԴ-ի հղած հարցերի կապակցությամբ գործի հետագա ընթացքն ապահովելու համար: Ցանկանում եմ շեշտել այդ աշխատանքների և մարտավարության նրբությունները առանց ծավալվելու դրանց բովանդակության մեջ, քանի որ դրանց հրապարակումը ևս կարող է վնաս հասցնել իմ շահերի պաշտպանությանը: Ուստի խնդրում եմ շահերիս պաշտպանության հարցում պաշտպաններիս հետ համաձայնեցված օգնություն ցուցաբերելուց բացի առնվազն չխանգարել այն նուրբ մասնագիտական աշխատանքին, որը կատարում են պաշտպաններս` Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը:

Հուսով եմ հորդորս և խնդրանքս հասկանալի և ընդունելի են և կհարգվեն բոլորի կողմից, իսկ արտահայտություններիս սրության համար հայցում եմ բոլորիդ ըմբռնումը, դրանք էին այն նվազագույն վրդովմունքիս արտահայտումը տեղի ունեցած հրապարակումների կապակցությամբ, որոնք իմ գնահատմամբ կարող էին նույնիսկ առավել խիստ լինել համաչափության տեսանկյունից»,- ասել է հայտարարության մեջ։

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը։

Մեկնաբանել