«Իսկանդեր»-ները կայունացնող դեր են խաղում տարածաշրջանում․ Բակո Սահակյան

«Իսկանդեր»-ների առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` ռուսական Gazeta.ru կայքի հետ հարցազրույցում։ Լրագրողը հետաքրքրվել է, թե Հայաստանի տարածքում տեղակայված «Իսկանդեր» համալիրներն օգտագործման պարագայում ինչ դեր կարող են ունենալ։

«Նման զենքի առկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում մեր տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության մեջ։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում. խաղաղության ու կայունության պահպանման համար առավել արդյունավետ մեխանիզմն է»։

Լրագրողի հարցին, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Բակո Սահակյանը պատասպանել է․

«Ռուսաստանը շատ կարևոր և նշանակալից դեր է խաղում մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում։ Հենց Ռուսաստանի ջանքերի և անմիջական մասնակցության շնորհիվ 1994 թ. հաստատվեց խաղաղություն և Արցախի , Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների դադարեցման անժամկետ պայմանագիր ստորագրվեց։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահության բոլոր տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում, և մյուս համանախագահող երկրների նման, հավատարիմ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կառուցողական մոտեցմանը:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, դրա համար առաջին հերթին պետք է վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ, և, ինչպես արդեն նշեցի, Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյաց և ագրեսիվ գործողություններից, որոնք վտանգում են բանակցային գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք երբևէ հայերի ու ադրբեջանցիների միջև հաշտությունը հնարավոր է։

«Գիտեք, ես և Արցախի ամբողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, բայց նաև մինչ այժմ ապրում ենք մի իրավիճակում, որտեղ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դեռևս լուծված չէ»,- ասել է Սահակյանը՝ վստահություն հայտնելով, որ խաղաղությունը ժողովուրդների միջև հնարավոր է․

«Խաղաղությանն այլընտրանք պարզապես չկա։ Մենք հանդես չենք գալիս ագրեսիվ, ազգայնամոլական և ռազմատենչ հայտարարություններով, և մենք չենք որդեգրել այդպիսի քաղաքականություն: Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն, ցավոք սրտի, իրեն պահում է ճիշտ հակառակ կերպ։ Ադրբեջանի կառավարության հենց այդպիսի ապակառուցողական դիրքորոշումը միակ խոչընդոտն է ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների համապարփակ կարգավորմանը»:

Մեկնաբանել