Հրդեհը հանգցնելու ժամանակն է․ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հ1-ին

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը։ Նա խոսել է իր գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման նախընտրական կարգախոսի մասին։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Մադրիդյան փաստաթղթի հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության են եկել ու վեճերը գնում են առանձին հարցերի շուրջ՝ տարածքների վերադարձ, ուժի չկիրառման հավաստիացում և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում։

«Եթե Ադրբեջանը համաձայն չլիներ փոխզիջումներին, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին, երկու կողմն էլ համաձայն են փոխզիջումներին, բայց երկու կողմերն էլ ձգտում են ավելի շահեկան պայմանների։ Սա բնական ընթացք է։ Վերջիվերջո գալիս է մի պահ, երբ կողմերն ասում են այո կամ ոչ։ Դեռ այդ պահը չի եկել»,- ասել է Տեր-Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը չէր լուծվում, քանի որ միջազգային հանրությունը հաշտվել էր այն մտքի հետ, որ սառը կոնֆլիկտ է, ու դա առաջնահերթություն չէ իրենց համար։ Այժմ, ըստ առաջին նախագահի, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության շուտափույթ լուծմամբ։

Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանը հանձնելու է ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը, քանի որ նա է պահանջում. «Մենք տալիս ենք միջազգային հանրությանը, միջազգային ատյանին, նա է մեզնից պահանջում։ Ադրբեջանն ինչքան ուզում է՝ պահանջի, դա մեզ համար որևէ նշանակություն չունի»։

Տեր-Պետրոսյանի խոսքով՝ «ժողովուրդն է ընտրել իշխանություններին», ու նրանից պետք է պահանջի լուծել Ղարաբաղյան խնդիրը։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդը անդրադարձել է նաև այն պնդումներին, որ Հայաստանը պետք է տնտեսապես, ռազմականապես հզորանա և նոր միայն քննարկի փոխզիջումների հարցը.

«Հիմա էդ մարդիկ էլի պիտի գնան՝ Պուտինին, Օլանդին ու Թրամփին ասեն՝ գիտե՞ք ինչ, պարոնայք, դուք սպասեք, մենք գնանք տնտեսապես զարգանանք, ռազմականապես հզորանանք, հետո կխոսենք տարածքների վերադարձի մասին։ Մանկապարտեզ էլ չէ սա, խենթանոց է ուղղակի»։

Մեկնաբանել