Պետք է խոստովանեմ՝ ես ամենուր օտարական եմ․ Նշանյանի հարցազրույցը՝ թուրքական բանտից փախուստից մեկ ամիս անց

Օգոստոսի 14-ին Los Angeles Review of Books պարբերականում հրապարակվել է պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի հետ հարցազրույցը՝ թուրքական բանտից նրա փախուստից մեկ ամիս անց։ Նշանյանն այժմ Հունաստանում է, որտեղ ժամանակավոր կեցության իրավունք է ստացել։ «Դա զավեշտալիորեն հեշտ էր․ ես պարզապես հեռացա։ Մենք բազմաթիվ նախապատրաստություններ էինք արել, որոնք ընդհանրապես պետք չեկան»,- Աթենքից հեռախոսով պատմել է Նշանյանը Ստամբուլում հաստատված կանադացի լրագրող, գրող Նիք Էշդաունին։ Վերջինս նկատում է՝ Նշանյանի «ձայնը երիտասարդ է, անգլերենը՝ գրեթե անթերի»։

Նշանյանի փախուստը տեղի է ունեցել Ֆոչա բաց ռեժիմի բանտից մեկ օրով տուն գալու ընթացքում։ Բանտի անվտանգությունը շատ ուժեղացված չէ, և Նշանյանն այնտեղ ժամանակի մեծ մասն անցկացրել է ընկերների հետ ռաքը ըմպելով։

«Մեղադրանքները գնալով կուտակվում էին, այնպես որ ես ենթադրաբար կանցկացնեի կյանքիս մնացած օրերը բանտում»,- պատմել է Նշանյանը։

Ինչ վերաբերում է Հունաստան փախուստին, Նշանյանը նախընտրում է դա փոքր-ինչ գաղտնի պահել․ «Դե Թուրքիան երկար ափամերձ գոտի ունի, այդքանը կասեմ»։

Նիք Էշդաունը շեշտում է՝ «համոզված աթեիստ, հակաազգայնական պատկերամարտ» Նշանյանը կրոնապաշտ, պահպանողական և մեծապես ազգայնական երկրի քաղաքական շրջանակներում շատերին է նյարդայնացրել։

Պարզաբանելով իր բանտարկության իրական պատճառը՝ լեզվաբանը մեջբերում է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը․ «Թուրքերը կարծում են, որ չեն կարող կառավարել երկիրը առանց մտավորականներին ճնշելու։ Սա դիտարկում է, որն արվել է ավելի քան 100 տարի առաջ։ Կարծում եմ՝ Թուրքիայի կառավարությունը անկարող է հասկանալ, թե ինչպես միասնական պահել երկիրը առանց լռեցնելու նրանց, ովքեր ձայն են բարձրացնում»։

Անկախ նրանից, թե ինչ կառավարություն է գալիս իշխանության, վաղ թե ուշ այն սկսում է ազատազրկել բոլոր առկա և հնարավոր այլախոհներին։

Մեկնաբանելով 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձի տապալումը ու դրան հաջորդած զանգվածային ձերբակալությունները՝ լեզվաբանն ասում է․ «Ես կարծում եմ, որ դա խենթություն է։ Նրանք գաղափար չունեն, թե ինչպես կառավարել և մոլեգնում են։ Ես փորձում եմ հասկանալ Էրդողանի կառավարման ոճի տրամաբանությունը, սակայն չի ստացվում»։

Լրագրող Նիք Էշդաունը գրում է, որ Նշանյանի համար քեմալականներն ու իսլամիստները, որոնց վերլուծաբանները հաճախ հակադրում են միմյանց, իրականում նույն մեդալի երկու կողմն են։

Ես կարծում եմ՝ նրանք նույնական են։ Երբեմն առաջ է գալիս Աթաթյուրքի գիծը, որը 1930-ականների նացիզմն է թուրքական ոճով, երբեմն էլ՝ իսլամական հռետորաբանությունը, սակայն հիմնական մտածելակերպը նույնն է։

Պոլսահայ մտավորականը նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP, Աթաթյուրքի կուսակցության) մոլի քննադատ է, որը դատապարտվում է անհասանելի լինելու մեջ․ չնայած՝ վերջերս քաղաքական այդ ուժին հաջողվել է միավորել մարդկանց «Արդարության քայլարշավի» շրջանակում՝ Անկարայից Ստամբուլ։

«Իմ տպավորությամբ՝ CHP-ն ներկայիս քաղաքական իրավիճակի ամենամեծ աջակիցներից է և հիմնասյուներից։ Յուրաքանչյուր ընտրությունում Էրդողանի հաղթանակի պատճառն այն է, որ այլընտրանքը խղճուկ է, վատը և ընտրական տեսանկյունից այնքան անհույս, որ այլընտրանք չունենալով և հուսահատված՝ մարդիկ ի վերջո ընտրում են Էրդողանին»,- նկատում է Նշանյանը։

Նման ըմբոստ հայացքներն ու փոքրամասնություն լինելու հանգամանքը Նշանյանին վերածել են օտարականի, ինչպես հաճախ պատահում է «ագրեսիվորեն կոնֆորմիստ» հասարակություններում, գրում է Էշդաունը։

«Ես պետք է խոստովանեմ՝ ես փոքր-ինչ օտարական եմ ամենուր»,- ասում է Նշանյանը։

Հոդվածի հեղինակն ապա շարունակում է, որ մտավորականի անձնական փիլիսոփայությունը «լուսավորությունն ու գեղեցկությունն է»։

«Ես ատում եմ տգիտությունը, ես չեմ կարող հանդուրժել տգեղությունը։ Ես նողկում եմ դրանից։ Ես փորձել եմ ստեղծել գեղեցիկ և խելացի տարածքներ իմ գյուղում, սրամտորեն և նրբորեն անդրադարձել եմ այն թեմաներին, որ այս երկրում իշխում է բիրտ տգիտությունը։ Սա է։ Թուրքիայում շատ են մարդիկ, որոնք այժմ իրենց զգում են նվաստացած և հուսալքված, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել»,- ասում է լեզվաբանը։

Նշանյանը չի հրաժարվում հայրենիքից․ նրան հույս են ներշնչում երիտասարդները։ Նա վստահ է, որ չնայած համատարած խավարամտությանը՝ Թուրքիայում կան նաև բարի կամք ունեցող և հանդուրժող թուրքեր։

Սևան Նշանյանին տխրեցնում է փաստը, որ ինքը համալրել է թուրք վտարանդիների շարքերը, սակայն նա լավատես է ապագայի հարցում։

«Կարծում եմ՝ Թուրքիայում տիրող խենթությունը չի կարող շատ երկար շարունակվել»,- ասում է լեզվաբանը ու հավելում, որ հաջորդ տարի ըստ ամենայնի կզբաղվի իր անավարտ գրքերով, որոնք չորսն են։

«Մտադիր եմ մնալ հունական կղզիներից մեկում։ Գուցե ձկնորսությամբ զբաղվեմ»,- եզրափակում է Սևան Նշանյանը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել